2,289 view

Ծաղկաշատի գյուղապետը որոշել է կանգնել համագյուղացիների կողքին

22.09.2015
Սեպտեմբերի 22-ին Ալավերդու Օրհուս կենրոնում տեղի ունեցավ հանդիպում «Երիտասարդ Ալավերդի» ՀԿ նախագահ Վահե Պարանյանի և Ծաղկաշատ համայնքի ղեկավար Հրաչիկ Պարանյանի հետ: Հանդիպման նպատակը Օրհուս կենտրոնից մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն ստանալն էր:
Ծաղկաշատ գյուղում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել այն բանից հետո, երբ իմացել են, որ գյուղապետը տվել է իր համաձայնությունը և ստորագրել «Վալլեքս խմբի ընկերություններ»-ի կողմից ներկայացված փաստաթղթի տակ:

Ըստ ներկայացված փաստաթղթի, նախատեսվում է Ծաղկաշատում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ՝ հետագայում մետաղական հանք շահագործելու նպատակով (այս մասին Օրհուս կենտրոնը հարցումներ է արել ու ստացել պաշտոնական պատասխաններ):

Ծաղկաշատի գյուղապետը, պատճառաբանեց, որ, թեպետ ինքը ներկա է գտնվել առաջին լսմանը, սակայն խնդիրն այլ կերպ է իրեն բացատրվել, այդ պատճառով ստորագրել է: Համաձայնություն տալուց հետո գյուղապետը, համագյուղացիների հետ միասին, խնդրի վերաբերյալ հանրային երկրորդ լսման ժամանակ արտահայտել է իր վրդովմունքը, ներկայացրել, որ ինքը չի իմացել թե ինչ աշխատանքների մասին է խոսքը և պատրաստ է ուղղել կատարված սխալը: Ծաղկաշատցիները շատ բուռն են քննարկել հարցը լսումների ժամանակ և դեմ են արտահայտվել գյուղի տարածքում երկրաբանահետախուղական աշխատանքերին:

Քանի որ խնդրի շուրջ կրքերը թեժացել են, և գյուղացիներն իրենց հարազատ հողի համար պատրաստ են պայքարի, գյուղապետը տեղեկացրեց, որ օրենքին համապատասխան, համագյուղացիների հետ միասին պայքարելու է այքան, մինչև իրենց պահանջը բավարարվի:

Օրհուս կենտրոնում Հրաչիկ Պարանյանը տեղեկացրեց նաև, որ գյուղացիները ստորագրահավաք են կազմակերպել և 95%-ը դեմ է երկրաբանահետախուզական աշխատանքների անցկացմանը: Խոսվեց, որ իրավաբանական աջակցության կարիք կա, ինչի համար դիմեցինք Ալավերդու քաղաքապետարանի իրավաբանի օգնությանը, ով ակտիվ համագործակցում է Օրհուս կենտրոնի հետ:

Հանդիպման արդյունքում որոշվեց խնդրի լուծման համար հստակ քայլերով առաջնորդվել. հրավիրել ավագանու արտահերթ նիստ, որտեղ չեղյալ կհամարվի գյուղապետի տված համաձայնությունը, այնուհետ համայնքի ավագանին նամակով կդիմի ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանին, բացի այդ, գյուղացիների կողմից պետք է նամակ ուղարկվի հանրապետության նախագահին և վարչապետին:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնիօ համակարգող
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am