4,394 view

Նոր շունչ թափոններին: Ստեփանավան

13.10.2015
Այսօր բնապահպանական գերակա խնդիրներից է թափոնների կառավարումը:
Կենցաղային և արտադրական աղբը թափվում է հիմնականում մոտակա գետերը: Դրանով իսկ ոչ միայն անդառնալի վնաս է հասցվում բնությանը, այլև՝ զբոսաշրջության զարգացման հնարավորությանը, խախտվում են ՀՀ կողմից ստորագրված կոնվենցիաները: Այս խնդրի վառ օրինակ է Դեբեդի ամբողջ երկայնքով պլաստիկ տարաների և պոլիէթիլենային արկղերի առատությունը. տեսարան, որին ծանոթ է գետի հունն ի վար ճանապարհորդած յուրաքանչյուր ոք:

Այս առումով Ստեփանավանի Օրհուս կենտրոնը մեծ բացատրական և գործնական աշխատանք է տանում քաղաքի և հարակից գյուղերի հանրության շրջանում՝ իրականացնելով իրազեկման միջոցառումներ կենցաղային աղբի տարանջատման վերաբերյալ, որից հետո սովորեցնում օրգանական աղբից պատրաստել կոմպոստ, որը հանդիսանում է օրգանական պարարտանյութ և կարող է կիրառություն գտնել, միաժամանակ պակասեցվում է աղբի քանակը:

Բոլորովին վերջերս Ստեփանավանի Օրհուս կենտրոնը սկսեց կազմակերպել դասընթացներ «Նոր շունչ թափոններին» թեմայով, որի նպատակն է սովորեցնել երիտասարդներին թափոններից պատրաստել պիտանի պարագաներ. պլաստիկ շշերից` աթոռներ, սեղաններ, դրամարկղեր, խաղալիքներ, խցաններից` կախիչներ, պլաստիկ գդալներից` մոմակալներ, հին պնակիտներից`տոնածառներ և այլն:

Դասընթացները հետաքրքրություն և մեծ հաջողություն ունեն: Ստեփանավանի Գյուղատնտեսական քոլեջի ուսանողներից Օրհուս կենտրոնը ստեղծել է առաջնորդների խումբ, որի անդամները թափոններից վարպետորեն պատրաստում են տարբեր իրեր և սովորեցնում են նորանոր աշակերտների, ուսանողների, դասախոսների:

Թափոններից պատրաստված պարագաներից Ստեփանավանի Օրհուս կենտրոնում ստեղծվել է ցուցահանդես, որը հետաքրքրում ու հիացնում է կենտրոնի բոլոր հյուրերին ու այցելուներին:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավան Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ-փոստ` manya_lore@yahoo.com
Խմբագիր՝ Մարի Չաքրյան