845 view

Ապօրինի անտառահատման մոնիտորինգային խումբը ականատես է եղել տխուր պատկերի

10.10.2015
Չնայած եղանակային անբարենպաստ պայմաննարին, հոկտեմբերի 9-ին, ուսումնասիրությունների կատարման աշխատանքային խումբը որոշեց գնալ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Շիկահող» պետարգելոցի տարածք: Խումբը կազմված էր 6 կազմակերպությունների (WWF Հայաստան, ՀԲԿՊ հիմնադրամ, ԵԱՀԿ Սյունիքի մարզային ԾԻԳ, Կապանի Օրհուս կենտրոն, «Կայուն զարգացում» ՀԿ և «ԽՈՒՍՏՈՒՓ» բնապահպանական ՀԿ) ներկայացուցիչներից՝ ղեկավարների մակարդակով: Անբարենպաստ եղանակի պատճառով խմբին չմիացան միայն լրոգրողները:

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը հանրային քննարկումից հետո հեռախոսակապով տեղեկացրել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանին աշխատանքային խմբի այցի մասին: Հետևապես «Շիկահող» պետարգելոցի տարածքում խմբին միացավ ՊՈԱԿ-ի պահպանության գծով տնօրենի տեղակալ, պահպանության բաժնի պետ, Կարեն Բարսեղյանը:

Այնուհետև խումբը համալրեց նաև Կապանի անտառտնտեսության ավագ անտառապետ Վահրամ Մարտիրոսյանը, ով շատ օգնեց տեղում պարզելու, թե անտառհատումները որ տարածքում են՝ շնորհիվ անտառտնտեսության ծրագրավորված GPS սարքի, որտեղ հստակ երևում էին սահմանները և կետերը:

Այցելեցինք չորս տարածք, պատկերը շատ տխուր էր, կարելի է դատել նաև լուսանկարների միջոցով: 90-ական թվականների մութ ու խավար տարիներին Կապանի տարածաշրջանում նման պատկերներ չեն եղել, առավել ևս՝ պետարգելոցի տարածքում: WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը յուրաքանչյուր հատված տարածքից վերցրեց հատված ծառերի կոորդինատները՝ հստակեցնելու համար պահպանվող տարածքում են գտնվում, թե՝ ոչ, որից հետո վերադարձանք Կապան: Հստակ պատկերը ունենալուց հետո կկազմվի արձանագրության և աշխատանքային խումբը կորոշի իր հետագա քայլերը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան