4,393 view

Ստեփանավանի Գյուղատնտեսական քոլեջի ուսանողները տեղեկացված են իրենց էկոիրավունքների մասին

09.10.2015
Ստեփանավանի Գյուղատնտեսական քոլեջի ֆերմերի, մենեջերի, ավտոճանապարհային աշխատակցի և այլ ուղղությամբ մասնագիտացող ուսանողներն այս ուսումնական տարին սկսեցին Օրհուս կենտրոն այցելությամբ:

Կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը քոլեջի տարբեր կուրսերի ուսանողներին պարբերաբար հրավիրում է Օրհուս կենտրոն՝ ծանոթացնելու կենտրոնի գործունեությանը և Օրհուսի կոնվենցիային: ՈՒսանողները տեղյակ են, որ կոնվենցիան սահմանում է մարդու առողջ բնական շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Կենսական իրավունքի պաշտպանության համար շրջակա միջավայրի ոլորտում այն քաղաքացիներին տալիս է տեղեկացված լինելու, մասնակցելու և արդարադատությանը դիմելու իրավունք:

Կենտրոնի այցելուները տեղեկացան նաև, որ գործող սահմանադրությունը ևս ապահովում է առողջության համար բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը, քաղաքացիներն էլ իրենց հերթին պարտավոր են թե՛ անհատապես, թե՛ մյուսների հետ համատեղ պաշտպանել և բարեկարգել շրջակա միջավայրը ի նպաստ գալիք սերունդների: Ինչը սակայն փոփոխման է ենթարկվել սահմանադրության նոր նախագծում, պետությունն այս դեպքում ուղղակի խթանում է մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը՝ չվերցնելով իր վրա և ոչ մի պարտավորություն:

Ակտիվ ուսանողները հետաքրքրված են այս հարցերով, հետևապես ակտիվիստներից Ստեփանավանի Օրհուս կենտրոնում ստեղծվել է երիտասարդ էկոակտիվիստների խումբ: Նրանք հանդես են գալիս սեփական նախաձեռնություններվ, լուսաբանում Օրհուսի կոնվենցիան երիտասարդական այլ խմբերի համար, նպաստում շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավան Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ-փոստ` manya_lore@yahoo.com
Խմբագիր՝ Մարի Չաքրյան