4,502 view
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և Կապանի անտառտնտեսության տարածքներում տեղի ունեցած ապօրինի ծառահատումները Կապանի հանրության և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են
09.10.2015
Հոկտեմբերի 8-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ հանրային քննարկում ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների տարածքներում ապօրինի ծառահատումներ» թեմայով:
Կենտրոնի համակարգողը ներկայացրեց Հայաստանի հարավային անտառներին հասցված վնասները, 150-ից ավելի լուսանկարներ, որոնք վկայում են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի թողտվությամբ կատարված ապօրինի անտառհատումները:
«ԽՈՒՍՏՈՒՓ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, ով երկար տարիներ

աշխատել է որպես Ղափանի անտառտնտեսության գլխավոր ինժեներ և տնօրեն, անձամբ էլ էր լուսանկարել պետարգելոցի տարածքից անտառհատման փաստերը: Նա ներկաներին պարզաբանեց անտառներում հատատեղերի տրման կարգը, թե ինչպես են նշահարում հատման ենթակա ծառերը, կնքում և համարակալում: Սակայն ցուցադրված հատումների մեջ չկային նման կնքված ծառեր: Խիստ քննադատելով «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը՝ նշեց, որ ներկայիս ղեկավար Կարեն Կիրակոսյանը նախկին երկարամյա աշխատողներին ազատել է աշխատանքից, անտառի և վայրի կենդանիների պահպանության բաժնի պետ և համակարգող ընդունել է Երևանից, հին աշխատողների արձագանքներին ուշադրություն չի դարձնում, որի արդյունքն էլ վերջին երեք ամիսների անտառահատումներն են և որսագողությունները:

«Վայրի բնության պահպանության» համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը պարզաբանեց, որ հատուկ պահպանվող տարածքներում կտրականապես արգելվում են անտառհատումները: Քանի որ «Արևիկ» ազգային պարկի պահպանման ռեժիմը դեռևս հաստատված չէ, ուստի այնտեղ կատարված ծառահատումները համարվում են ապօրինի, անկախ բոլոր հանգամանքներից: Նա նշեց, որ 2003 թվականից իրականացվել են պետարգելոցի հզորությունների զարգացման ծրագրեր: Տրվել են աշխատողների հանդերձանք, 5 մեքենա: Այսօր կենսոլորտային համալիրի Շիկահողի տեղամասում մեքենա չկա անտառապահներին անտառ տանելու համար. եթե անտառներում անտառապահներ չկան, ի՞նչ հսկողության մասին կարող է խոսք լինել: Եթե պահպանությունն այդ վիճակում է գտնվում, խնդիր է դառնում այդքան միջոցների ներդրման արդյունավետության մասին դոնորներին պարզաբանում տալու առումով:

Ինչ վերաբերվում է այդ լուսանկարների տեղանքներին, ապա պարոն Մանվելյանն ասաց, որ հաջորդ օրը GPS –ով կքարտեզագրի անտառհատումները: Օրհուս կենտրոնի համակարգողն առաջարկեց ՀԿ-ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել՝ Կարեն Մանվելյանի հետ դաշտային աշխատանքներին մասնակցելու նպատակով, որին սիրով համաձայնեց պարոն Մանվելյանը:

Կապանի անտառտնտեսության ավագ անտառապետը նշեց, որ հայտնաբերվել է 141 ապօրինի հատված ծառ և 11 ծառերի ճյուղեր, գործերը գտնվում են իրավապահ մարմիններում, հարուցված է քրեական գործ, շարունակվում է հետաքննությունը:

Քննարկմանը մասնակցում էին նաև Կովկասի բնության հիմնադրամի (CNF), ՀԲԿՊ հիմնադրամի, ԵԱՀԿ Սյունիքի ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, «Զանգեզուր կենսոլորտային համալի» ՊՈԱԿ-ի տեղամասի աշխատակիցներ, Սյունիքի մարզպետարանի բնապահապանության բաժնի պետը, Կապանի անտառտնտեսության տնօրենը և ավագ անտառապետը, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Մասնակիցները խոր վրդովմունքով արտահայտվեցին կենսոլորտային պահպանավայրի նոր ղեկավարության հասցեին, քանի որ նախկին ղեկավարի օրոք ոչ մի դեպք չի արձանագրվել:

Որոշվեց դիմել բարձրաստիճան պատկան մարմիններին նշված անօրինակությունների մեղավորին պատժելու համար՝ կցելով հանրային քննարկման և դիտարկումներից հետո լրագրողների օգնությամբ կազմվելիք արձանագրությունները և լուսանկարներ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան