2,243 view

Նոր պոչամբար չի կառուցվելու. «Մեգո Գոլդ»-ն առաջարկում է նոր լուծում, որը բնակիչների սրտով չէ

08.10.2015
Սեպտեմբերի 9-ին Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ համայնքի բնակիչները տեղեկացան, որ ընկերությունը նոր պոչամբար այլևս չի կառուցելու, այլ նախատեսում է միավորել գոյություն ունեցող երեք պոչամբարները և կառուցել մեկ ընդհանուր՝ երեք մետրով ավելի բարձր պատնեշով կուտակիչ:
Ըստ ընկերության ներկայացուցչի, ներկայումս երեք պոչամբարները վթարային վիճակում են, տեղի են ունեցել պատնեշի փլուզումներ: Փլուզման պատճառն այն է, որ նախկինում պոչամբարներից մեկի պատնեշի բարձրացումը իրականացվել է առանց նախագծային փաստաթղթերի, առանց մեկուսիչ շերտի և պաշտպանիչ էկրանի:

(Հիշեցնենք, որ պոչամբարների սողանքային գոտում գտնվելու, փլուզումների և դրանց հետևանքով պոչամբարից արտահոսքերի մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ ՀԿ-ների ներկայացուցիչները, թե՛ Օրհուս կենտրոնը և թե՛ բնակիչները, ինչը, ցավոք հերքվել է ընկերության կողմից):

Ներկայիս վթարային իրավիճակը շտկելու համար «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ- ն նախատեսում է միավորել գոյություն ունեցող պոչամբարները և կառուցել ժամանակավոր կուտակիչներ 3 հեկտարի վրա, 3 մետր բարձությամբ պատնեշով:

Հարկ է նշել, որ ընկերությունը որոշել է նաև մեծացնել ֆաբրիկայի արտադրողականությունը` հասցնելով այն մինչև 306 000 տ/տարի, վերակառուցել ու վերազինել գործարանը, արդիականացնել ոսկու կորզման եղանակները:

Հանքավայրի հետ կապված «Մեգո Գոլդ» ՍՊԸ- ի նոր ծրագրերն առաջ են բերել Մելիքգյուղի բնակչության դժգոհությունը, ինչպես նաև հանքավայրի ազդեցության տարածքում գտնվող Միրաք, Ռյա Թազա, Ալագյազ եզդիական համայնքների անհանգստությունը:

Բնապահպանության նախարարին ուղղված նամակում բնակիչները պատմել են ընկերության կատարած խախումների, ստանձնած ու չկատարած պարտավորությունների, գյուղին հասցված վնասների մասին, ներկայացրել են խնդիրներ, որոնք հանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների շահագործման արդյունքն են:

Նամակները և պատասխանը կցվում են:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 224926
Էլ-փոստ՝ aarhusaparan@mail.ru , info_aparan@aarhus.am
Խմբագիր՝ Մարի Չաքրյան