2,613 view

Եղվարդի ջրամբարի «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրը բնապահպանական փորձաքննության փուլում է

02.10.2015
Եղվարդի ջրամբարի կառուցման նախագծի հարցերով հոկտեմբերի 1-ին Եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության ներկայացուցիչների հետ:
Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Տեխնիկատնտեսագիտական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագրի հետազոտական խմբի միջև կնքվել է փոխըմբռնմնան հուշագիր, որտեղ նշված են կողմերի պարտավորությունների մասին:

Տեղեկացրեց, որ ծրագրի ՇՄԱԳ փորձաքննության իրականացման ընթացքում հանրային լսումների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնել է Ջրային տնտեսության պետական կոմիտեն` նշելով, որ հանրային լսումների կազմակերպման, նախապատրաստական աշխատանքների հարցում իրենց կաջակցի Եղվարդի Օրհուս կենտրոնը:

Ծրագրի բնապահպանական հարցերի պատասխանատու Ռիե Կիտաոն քարտեզի միջոցով ներկայացրեց նախատեսվող աշխատանքների մանրամասները, նշեց, որ բուն շինարարական աշխատանքները իրականցվելու են ջրամբարի տարածքում, կառուցվելու է երեք ջրանցք: Ազդակիր համայնքերը Եղվարդը և Նոր Երզնկան են, բայց քանի որ ջրամբարից ոռոգման նպատակով օգտվելու են նաև հարակից համայնքերը, թիրախային տարածք են համարվում Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներ: Նա նշեց, որ հատկապես կարևորում են այդ համայնքների, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը ջրամբարի կառուցման ծավալների, կառուցման եղանակների վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներին և քննարկումներին:

Այնուհետև քննարկվեց լսումների կազմակերպման ընթացակարգը, կենտրոնի համակարգողը տեղեկացրեց, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հանրային լսումների անցկացման վերաբերյալ հանրային իրազեկման ու կազմակերպչական հարցերի շուրջ:

Ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրին, որ Ճապոնիայի ուղեցույցի համաձայն հանրային քննարկումների ժամանակ անհրաժեշտ է հնարավորինս շատ շահառուներ ներգրավել: Կարծում են, որ կարող են իրարամերժ կարծիքներ լինել, հետևապես կարևորում են ազդակիր և թիրախային համայնքների, բնապահպանական ՀԿ-ների, մասնագետների, փորձագետների, հասարակության լայն շերտերի մասնակցությունը` հավաքագրելու համար ինչպես դրական, այնպես էլ` բացասական կարծիքները: Չափազանց կարևորում են հանրության վաղ փուլում իրազեկումը:

Կենտրոնի համակարգողը պատրաստակամություն հայտնեց համագործակցելու և աջակցելու: Ավելացրեց, որ թիրախային մարզերում իրազեկման հանդիպումներ իրականացնելու հարցում կաջակցեն նաև Գավառի, Հրազդանի և Ապարանի Օրհուս կենտրոնները: Ծրագրի ներկայացուցիչները ևս պատրաստակամություն հայտնեցին մասնակցել իրազեկման սեմինարին` ներկայացնելով ծրագրի մանրամասները:
Հանդիպման վերջում քննարկվեցին հետագա քայլերը:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmail.com