2,362 view

Համատեղ աշխատանքներ բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա ՔՀԿ-ների ազդեցության մեծացման ուղղությամբ

28.09.2015
Ըստ վերջին 20 տարիների ուսումնասիրությունների Հայաստանի կլիման արդեն ենթարկվել է փոփոխությունների, իսկ ապագայում այդ փոփոխություններն ավելի են լինելու: Օդի ջերմաստիճանը բարձրանալու է, տեղումներն ու գետերի հոսքը նվազելու են, չորայնությունն ու դրա հետ կապված անապատացման պրոցեսներն աճելու են… Հետևապես, եթե այսօր կլիմայի փոփոխությանը հարմարվելու լայնածավալ գործընթացներ չսկսվեն, Հայաստանի բնական միջավայրն ու դրա հետ կապված բնակչության ապրուստի միջոցներն ու տնտեսությունը մեծապես կվտանգվեն:
Այս ամենը հաշվի առնելով ՝ սույն թվականի մայիսին, ԵՄ, ՄԱԶԾ և ԳԷՖ աջակցությամբ, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան Հիմնադրամի նախաձեռնությամբ մերկարկել է «Եկեղեցու և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացների վրա» ծրագիրը, որի հիմնական նպատակն է ի ցույց դնել առաջացած էկոլոգիական իրավիճակը փոխելու հնարավորությունները՝ նախադեպը ստեղծելու միջոցով: Ծրագրով նախատեսված գործողություններն առավելապես ուղղված են բնապահպանական այն խնդիրներին, որոնք առաջանում կամ սրվում են կլիմայի փոփոխության հետևանքով:Դեռևս նախագծային փուլում Հայաստանի Օրհուս կենտրոնները ներգրավվել են ծրագրի մշակման գործողություններին և ճանաչվել են եզակի պլատֆորմ համայնքային մակարդակում սույն ծրագրով առաջարկվող հնարավորություններն ու գաղափարները տարածելու ու կյանքի կոչելու առումով:

Ծրագրի մեկնարկն ազդարարվել է մայիսի 20-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած շնորհանդեսի միջոցով, այնուհետև ուրվագծվել են համատեղ գործողությունները: Օրհուս կենտրոնները համայնքային մակարդակում մեծ աշխատանք են տարել ծրագրով առաջ քաշված հարցերի վերհանման ու նախնական լուսաբանման ուղղությամբ: Միջոցառումների իրականացման ժամանակ Ալավերդու, Արարատի, Երևանի, Գավառի, Գյումրու Օրհուս կենտրոնների համակարգողները տեղեկացրել են սույն ծրագրով առաջարկվող նորարարական մոտեցումների ու բնապահպանական խնդիրների լուծման ֆինանսական մեխանիզմների մասին: Համայնքները մեծ հետարքրություն են ցուցաբերել և ավելին իմանալու ցանկություն հայտնել: Չնայած ծրագիրն իրականացվելու է միայն Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի ու Լոռու մարզերում, սակայն Օրհուս կենտրոնների միջոցով արդեն իսկ դրանում ընդգրկվելու նամակներ են ստացվել նաև այլ մարզերից:

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ ծրագիրն ինքնին համայնքային մակարդակում էական փոփոխությունների հասնելու հնարավորություն է ընձեռում, ինչպես հանրային ունեցվածքի նկատմամբ քաղաքացիների շրջանում սեփականատիրական զգացման ձևավորման և զարգացման, այնպես էլ տեղական ինքնակառավարման համակարգը էապես բարեփոխելու և այն իրականում մասնակցային ու հանրային դարձնելու առումով: Նրա խոսքով քաղաքացիական շրջանառու հիմնադրամների ձևավորումը համայնքներում հնարավորություն կտա աստիճանաբար բնական պաշարները վերադարձնել իր իրական տերերին և դրանց օգտագործումից ստացված միջոցներն ուղղել էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանը: Ծրագիրը նախաձեռնող խմբի անդամների հավաստմամբ, այս ֆինանսական մեխանիզմը, ճիշտ աշխատեցնելու պարագայում, կարող է իրական հիմք դառնալ բնապահպանական խնդիրների լուծման շուրջ քաղաքացիների համախմբման ու միասնական գործունեություն ծավալելու համար, ինչն ուղղակիորեն կապվում է Օրհուս կենտրոնների գործունեության հիմնական նպատակների հետ:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոննների տեղեկատվության պատասխանատու
Հեռ.՝ (+374) 93 991212
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com