2,927 view

Շրջակա միջավայրի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության բացակայությունը հանգեցնում է անսպասելի աղետալի հետևանքների: Գավառ

28.09.2015
Կարևորելով ապագա տնտեսագետների ու իրավաբանների և հատկապես լրագրողների կամ լրագրությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների էկոլոգիական տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, շրջակա միավայրի հարցերի վերաբերյալ հիմնավոր գիտելիքների և արժանահավատ տեղեկատվության իմացությունը՝ Գավառի Օրհուս կենտրոնը նախաձեռնել էր դասընթաց Գավառի պետական համալսարանի ուսանողների, ՀԿ ներկայացուցիչների ու լրագրողների համար:

Դասընթացը վարեցին Երևանի Օրհուս կենտրոնի

համակարգող Սիլվա Այվազյանն ու Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանը:

Սիլվա Այվազյանը խոսեց բնապահպանական տեղեկատվության մատչելիության կարևորության ու հանրության բնապահպանական տեղեկացվածության իրավունքի մասին: Թվարկեց և շեշտադրեց այն բոլոր միջազգային փաստաթղթերը, որոնք հոդվածներ են պարունակում դրանցով իսկ առաջ քաշվող բնապահպանական հարցերի մասին հանրային իրազեկման վերաբերյալ: Տեղեկացրեց շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման պասիվ և ակտիվ եղանակների մասին ու, թե ինչպես կարող են քաղաքացիներն օգտվել իրազեկ լինելու իրենց իրավունքից:

Սեմինարի մասնակիցներին նա տեղեկացրեց շրջակա միջավայրում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրության իրազեկման ու որոշումների կայացման գործընթացին ներգրավման առումով Օրհուս կենտրոնների ստանձնած առաքելության ու գործողությունների մասին:

Մարի Չաքրյանը ներկայացրեց, թե բնապահպանական տեղեկատվության հնարավոր սպառողները հատկապես ինչ տեղեկատվության կարիք ունեն ու ինչպես են գնահատում ներկայումս իրենց հրամցվող բնապահպանական տեղեկատվության որակն ու քանակը, թե ինչ կարծիք ունեն կառավարության կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումների ու դրանց արդյունավետության մասին: Այնուհետև խոսեց, թե ինչպես կարելի է մատչելի դարձնել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը, հատկապես կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցերը, ինչպես ներկայացնել բարդ տերմիններ, հապավումներ ու քիմիական նյութերի անվանումներ պարունակող տեղեկատվությունը, որպեսզի այն հետաքրքրական լինի հանրության համար: Նա կարևորեց տեղեկատվության ճիշտ մատուցումն ու տարածումը՝ օգուտների ու վնասների արդարացի, այլ ոչ թե միակողմանի շեշտադրմամբ: «ԶԼՄ-ները մեծ պատասխանատվություն են կրում ոչ միայն բնության հետ մարդու ունեցած կոնֆլիկտների արտացոլման, այլև՝ դրանց լուծման դժվարությունների համար»,- ավելացրեց նա:

Սեմինարի մասինակիցները բազմաթիվ հարցեր հղեցին բանախոսներին ու մեծ հետարքրություն ցուցաբերեցին մատուցվող նյութի նկատմամբ:

Լիանա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 264 61511
Էլ-փոստ՝ info_gavar@aarhus.am, blejanli@gmail.com, maradarkish@gmail.com