2,822 view

Հասարակական կազմակեպությունների և Օրհուս կենտրոնի համագործակցությունը հանրության մասնակցության խթանման գործում

28.09.2015
Վերջին տարիներին սերտ համագործակցություն է ձևավորվել Ապարանի Օրհուս կենտրոնի և մի շարք բնապահպանական ՀԿ-ների, փորձագետների, գիտական ոլորտի ներկայացուցիչների միջև՝ Ապարանի շրջանի համայնքներում առկա բնապահպանական խնդիրների վերհանման, դրանց լուսաբանման ու իրազեկման միջոցառումների իրականացման և այդ խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ:Գործընկերային կապերի հաստատման նպատակն է՝ աջակցել կենտրոնին բնակչության իրավունքների ու շահերի, էկոլոգիական իրավունքի գրագետ պաշտպանության հարցերում, փորձագիտական ու մասնագիտական խորհրդատվության տրամադրման, գիտական

ու տեխնիկական տեղեկատվության, փաստաթղթերի ու հետազոտությունների արդյունքների փոխանակման, անկախ փորձաքննության անցկացման, շրջակա միջավայրին առնչվող խնդիրների վերաբերյալ դիտողությունների ու առաջարկությունների ներկայացման գործում:

Այս համագործակցության շրջանակում սեպտեմբերի 9-ին Ապարանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Էկոդաշինք», «Կանաչների միություն» ՀԿ նախագահների, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի ներկայացուցչի, EcoLur տեղեկատվական ՀԿ լրագրողի հետ, որի ընթացքում քննարկվեցին «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներին վերաբերող հարցեր:

Սեպտեմբերի 12-ին և 18-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները «Բնության համար» բնապահպանական ՀԿ-ի նախագահի հետ էին: Քննարկման առարկան Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրներն ու ոսկու հանքավայրի ազդեցության գոտում գտնվող եզդիական Միրաք, Ռյա Թազա, Ալագյազ համայնքների ՏԻՄ-երի ներկայացուցիչներին և բնակչությանը հանքավայրի բացասական հետևանքների մասին իրազեկման ու լուսաբանման միջոցառումների անցկացման, որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության աջակցությանը վերաբերող հարցերն էին:

ՀԿ սեկտորի և անկախ փորձագետների հետ նմանատիպ համագործակցության համար հիմք են հանդիսանում նաև Օրհուս կենտրոնների գործունեության առաջնորդող սկզբունքներն ու ռազմավարական ծրագրի խնդիր 1.12-ը, ըստ որի պետք է գնահատվի քաղաքացիական հասարակության (ՀԿ-ների), որպես շրջակա միջավայրի պահպանության գործին աջակցողի, բնապահպանական քաղաքականության ժողովրդավարական քննարկման կարևորագույն մասնակցի, հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնողի, Կոնվենցիայով նախատեսված նրանց իրավունքների իրացմանն աջակցողի դերը:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 224926
Էլ-փոստ՝ aarhusaparan@mail.ru , info_aparan@aarhus.am