2,369 view

Իջևանի երիտասարդ բնագետները բացահայտեցին մոտակայքում գտնվող կարևոր բուսաբանական տարածքները

24.09.2015
«Բնության իրավունքների պահպանություն» ՀԿ-ն «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ Իջևանի երիտասարդ բնագետների համար իրականացրեցին երկօրյա կրթական միջոցառում: Միջոցառումը տեղի ունեցավ 2015թ սեպտեմբերի 19-20-ին Իջևանի Օրհուս կենտրոնում:
Առաջին օրվա ընթացքում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամ Վանուհի Համբարձումյանը մասնակիցներին ներկայացրեց «Տարվա կենսաբազմազանությունը 2015» հանրային արշավը, ինչպես նաև արշավի ընթացքում հանրային քվեարկությամբ ընտրված տարվա կենդանին (Սևանի իշխան), բույսը (նռնենի), սունկը (կարմիր Ճանճասպան) և քարաքոսը (պելտիգերիա երիզավոր):

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատող կ․գ․թ․Աննա Ասատրյանը մանակիցներին դասախոսություն ներկայացրեց Հայաստանի բուսական բազմազանության և կարևոր բուսաբանական տարածքների մասին: Մասնակիցներին բաժանվեցին Հայաստանի բուսականության վերաբերյալ պատկերազարդ տպագիր նյութեր։

Հաջորդ օրը կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Հայաստանի ուշագրավ ծառերից մեկը՝ Վարդանի կաղնին, որը գտնվում է Ակնաղբյուր գյուղում: Այնուհետև արշավ կազմակերպվեց դեպի Իջևանի ֆլորիստիկական շրջանի հազվագյուտ բուսատեսակներից առավել ուշագրավ մեկի աճելավայր՝ «Դիլիջան» ազգային պարկի արգելոցային գոտում գտնվող կենու պուրակը: Այնտեղ մեզ ուղեկցեց ազգային պարկի առաջատար մասնագետ Ռոբերտ Ալիխանյանը։

Միջոցառումն իրականացվեց Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստանի կարևոր բուսաբանական տարածքների բացահայտում բույսերի և բնակմիջավայրերի բազմազանության պահպանման համար» ծրագրի շրջանակներում:

Դավիթ Ղազարյան
Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 00 70 10
Էլ. փոստ info_ijevan@aarhus.am , david.ghazaryan.83@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան