2,864 view

Առանց ավտոմեքենայի 2015 համաշխարհային օրը ավտոմեքենան ավտոտնակում թողնելու հիանալի առիթ է

news_22_0922.09.2015
Սեպտեմբերի 22-ին նշվում է Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը: Սա միջազգային իրադարձություն է, որը նշվում է ամեն տարի: Հիմնական նպատակը լայն հասարակության ուշադրությունը սևեռել տրանսպորտի զարգացման խնդիրների և գոյություն ունեցող այլընտրանքային տրանսպորտային միջոցների վրա: Այս օրը կոչված է կրճատելու ավտոմեքենաների քանակը փողոցներում ու ճանապարհներին և խրախուսել տրանսպորտի այլ տեսակները, այդ թվում հանրային և հեծանվային տրանսպորտը:

Աշխարհում ավտոմեքենաների թիվը գնալով աճում է: Մոլորակի ավտոճանապարհներին այսօր երթևեկում է ավելի քան 1 մլրդ մասնավոր մեքենա: Դրանք աստիճանաբար վեր են ածել մեր շրջակա միջավայրը տեխսպասարկման կետերի, զավթել մանկական խաղահրապարակներն ու հանրային նշանակության կանաչ տարածքները՝ ավտոկայանատեղերի համար: Մի խոսքով ավտոմեքենաները կրճատել են մարդու կենսամիջավայրը: Քաղաքաները դադարել են լինել հարմարավետ, անվտանգ ու կենսական: Նույն տենդեցը նաև մեր երկրում է, հատկապես՝ մայրաքաղաքում:

Ավտոմեքենաները լոկ տրանսպորտի ոլորտի խնդրից վերածվել են լուրջ սոցիալ-էկոլոգիական պրոբլեմի: Հենց ավտոմեքենաներն են մթնոլորտի աղտոտման հիմնական աղտոտիչներից մեկը:

Օրական ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով մահանում են հարյուրավոր մարդիկ, ավելի մեծ թվով մարդիկ՝ դառնում հաշմանդամ: Չհաշված այն հարյուրավոր մարդկանց, ովքեր հիվանդանում են նաև ավտոմեքենաների հետևանքով օդի աղտոտումից: Հենց իրենք՝ վարորդներն ամեն օր մի քանի անգամ ավելի շատ վնասակար նյութեր են շնչում, քան՝ հետիոտները:

Առանց ավտոմեքենայի առաջին ակցիաները մեկնարկել են դեռ 1970-ականներին, երբ աշխարհում բռնկվեց առաջին նավթային ճգնաժամը: Շարժումը կրկին ակտիվացավ 1990-ականներին: Համաեվրոպական առանց ավտոմեքենայի օրը կազմակերպվեց 1999թ. «Քաղաքում առանց իմ ավտոմեքենայի» նախաձեռնության շրջանակում, որը և իր շարունակությունն ստացավ Շարժունակության Եվրոպական շաբաթներ խորագրով: 2000 թ. ակտիվիստների և կազմակերպությունների ցանցն իրականացրեց Առանց ավտոմեքենայի առաջին միջազգային օրը: Մոտավոր հաշվարկներով ներկայումս ամեն տարի օրվան միանում է ավելի քան 100 մլն մարդ աշխարհի ավելի քան 40 երկրներից և 1500 քաղաքներից:

Օրվա խորհուրդը ոչ միայն ոտքով կամ հեծանիվով տեղաշարժումը քարոզելն է, այլև քաղաքների զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նոր գաղափար ձևավորելը, որտեղ հնարավոր կլինի ապրել, աշխատել ու հանգստանալ հնարավորինս ներդաշնակ բնության և միմյանց հետ:
Օրվա խորհրդին հետևողները խորհուրդ են տալիս քայլել, օգտվել հասարակական տրանսպորտից, հեծանիվ վարել, ինքնագլոր կամ անվաչմուշկ քշել:
Թողե՛ք Ձեր ավտոմեքենան ավտոտնակում, վայելեք աշնանային հիասքանչ օրը:

Աղբյուրը՝ http://www.leworld.org/ :

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոննների տեղեկատվության պատասխանատու
Հեռ.՝ (+374) 93 991212
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com