2,231 view

Համագործակցություն բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների համար սեմինարի իրականացման գործում

22.09.2015
Սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մուլտիդմեդիա լրագրության կենտրոնում տեղի ունեցավ սեմինար բնապահպանական թեմաներով գրող լրագրողների, լրագրության ֆակուլտետների դասախոսների և ուսանողների համար: Սեմինարը նախաձեռնել էր Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան: Սեմինարի անցկացմանն աջակցեցին նաև Հայաստանի Օրհուս կենտրոնները:
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը դասախոսություն կարդաց հանրության բնապահպանական իրազեկվածության իրավունքի մասին՝ շեշտադրելով հանրության լիարժեք

տեղեկացված լինելու կարևորությունը որոշումների կայացման գործընթացին պատշաճ և պատրաստված մասնակցելու առումով: Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանն էլ ներկայացրեց դեռևս 2012 թվականին Օրհուս կենտրոնների պատվերով կատարված «Բնապահպանական տեղեկատվությունը և սպառողների պահանջարկը» հետազոտության արդյունքները՝ զուգահեռներ անցկացնելով նաև վերջին 2-3 տարիներին նկատվող զարգացումների միջև, նաև, թե ինչպես կարելի է բնապահպանական թեմաները մատչելի լեզվով մատուցել հանրությանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանը: Նա հղում արեց հարցազրույցներից մեկի ժամանակ Հրանտ Մաթևոսյանի ցավով հայտնած խոսքին, թե մեր երիտասարդությունը չի ճանաչում իր բնությունը: «Հարցրեք նրանց Հայաստանի տարածքում աճող 10 բույսի, 10 թփի, 10 ծառի ու 10 կենդանու անուն, և նրանք չեն կարողանա արագ-արագ թվարկել դրանք»,- հայ արձակագիրն այսպես է պարզաբանել իր խոսքը՝ լրագրողի զարմացած հայացքին ի պատասխան: Ուստի Նաղաշ Մարտիրոսյանն ապագա լրագրողներին կոչ արեց լինել բնապաշտ և ստանձնել իրենց լսարանին բնությունը ճանաչել տալու առաքելություն:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը «Էկոլոգիական ժուռնալիստիկա և հանրային կապեր. համագործակցության առանձնահատկությունները» թեմայով իր ելույթի ժամանակ կարևորեց Հայաստանի Օրհուս կենտրոնների բացառիկ դերը հանրային իրազեկման և հանրության հետ մշտական աշխատանքի առումով, որակյալ և հիմնավոր տեղեկատվությամբ լրագրողներին ուղղորդելու գործում: Ոլորտում, բանախոսի որակմամբ, կարևոր է նաև «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ գործունեությունը, հատկապես ակտիվորեն էկոլրատվության տարածման և բնապահպանական թեժ կետեր էկոտուրերի կազմակերպման առումով:

Սեմինարին հետաքրքիր ու օգտակար դասախոսություններով հանդես եկան ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտներ և դասախոսներ:

Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանի տեղեկացմամբ, նախատեսվում է բանախոսների հետ սերտ համագործակցությամբ, ստեղծել ձեռնարկ, որը որպես դասագիրք կծառայի ֆակուլտետի էկոլրագրություն դասընթացի համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոննների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com