2,722 view

Էկոկրթությունը մշտապես Ապարանի Օրհուս կենտրոնի ուշադրության կենտրոնում է

18.09.2015
Կարևորելով բնակչության տարիքային բոլոր խմբերի ու սոցիալական խավերի ներգրավումը էկոլոգիական ուսուցման մեջ՝ սեպտեմբերի 16-ին Ապարանի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ քաղաքի № 2 դպրոցում, 5 –րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվեց դասընթաց՝ նվիրված օզոնային շերտի պահպանության միջացգային օրվան:
Դասընթացի նպատակն էր երեխաներին պատմել մեր մոլորակի բնապահպանական խնդիրների մասին, մասնավորապես ներկայացնել օզոնային շերտի նշանակությունը կենդանի օրգանիզմների և ընդհանրապես կյանքի գոյության ու զարգացման համար, ինչպես նաև օզոնային շերտի

քայքայման պատճառները, վնասակար հետևանքները, արեգակի ուկտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու միջոցները:

Երեխաներն իմացան, որ 1994թ. ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեան սեպտեմբերի 16-ը հայտարարել է օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Օզոնային շերտի պահպանության խնդիրը համարվում է առաջնային բոլոր երկրների համար, քանի որ այդ շերտը պահպանում է երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից:

Դասընթացի փոքրիկ մասնակիցներին ցուցադրվեց «Օզի Օզոն» մուլտֆիլմը: Դիտումից հետո ծավալվեց քննարկում: Համակարգողին տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնք հատկապես վերաբերում էին ֆրեոն պարունակող հին, իրենց դարն ապրած սառնարաների, օդորակիչների, այլ իրերի հետագա «ճակատագրին», թե ո՞ւր կարելի է հանձնել դրանք ճիշտ վերամշակման համար, որպեսզի դրանց մեջ պարունակվող ֆրեոնը չքայքայի օզոնային շերտը:

Ցավոք, Հայաստանում առայժմ այս խնդիրը լուծված չէ և ֆրեոն պարունակող հին իրերն ու սարքերը, շատ դեպքում ուղղակի նետվում են աղբանոց:

Դասընթացի ընթացքում աշակերտները ստացան Օզի Օզոն մուլտֆիլմին վերաբերվող գունազարդ գրքույկներ և «Ներկիր ինքդ» ալբոմներ, որոնք սիրով սկսեցին գունավորել:

Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող`
Նատալյա Մանուկյան
Հեռ.` /374 94/ 22-49-26
E-mail: aarhusaparan@mail.ru
Info_aparan@aarhus.am