3,339 view

Աղմուկը որպես միջավայրի աղտոտիչ

15.09.2015
Սեպտեմբերի 11-ին Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-իրազեկում՝ «Աղմուկը որպես միջավայրի աղտոտիչ» խորագրով: Նպատակը՝ սեմինարի մասնակիցներին ծանոթացնել աղմուկի կանխարգելման ընդհանուր դրույթներին, կանխարգելման բնորոշ միջոցներին:
Սեմինարի ընթացքում ներկայացվեց աղմուկի բացասական ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա, խոսվեց աղմուկի տևական և չափազանց ինտենսիվ ազդեցության մասին: Աղմուկը ներկայացվեց, որպես միջավայրի հիմնական աղտոտիչ, մատնանշվեց քաղաքում աղմուկի հիմնական աղբյուրի` տրանսպորտի դերը,
ներկայացվեց, թե ինչպես է աղմուկի վնասակար ազդեցությունը մեծանում է, երբ այն ուղեկցվում է այլ բացասական գործոնների (թրթռում, գազեր, փոշի) հետ։

Այնուհետև ներկայացվեց տեսանյութ, որը պատմում էր աղմուկի հասցրած բացասական ազդեցության մասին, մասնավորապես, թե ինչպես կարող է այն անքնության, հոգնածության, ուշադրության, ընդհանուր աշխատունակության և աշխատանքի արտադրողականության նվազման պատճառ հանդիսանալ։ Հատկապես առանձնացվեց ամենօրյա աղմուկը, որը երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀԿ-ներից, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ: Նրանց առաջարկվեց խմբային աշխատանք` «Աղմուկի կանխարգելման միջոցները» խորագրով: Մասնակիցներն առաջարկեցին սեփական մոտեցումները հարցի շուրջ, այն է` տեղադրել աղմկակլանիչ սարքեր, հաճախակի գտնվել բնության գրկում, ավտոմեքենաները փոխարինել տրանսպորտի այլ միջոցներով և այլն:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ` info_ararat@aarhus.am