2,742 view
Շրջակա միջավայրի վնասի հաշվարկից մինչև բնության հետ ներդաշնակ գոյատևում: Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատանքային 3-րդ հանդիպման օրակարգը հագեցած էր
14.09.2015
Սեպտեմբերի 10-ին բավականին հագեցած օրակարգով տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների ընթացիկ տարվա աշխատանքային 3-րդ հանդիպումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության արդյունավետությունը գնահատելու համար ԵԱՀԿ-ն միջազգային փարձագետ է հրավիրել: Այս անկախ հետազոտության արդյուքնում, նրա խոսքով, ավելի հստակ կուրվագծվի կենտրոնների հետագա գործունեության ուղին ու ճակատագիրը:

Հանդիպմանը գործընկերներին ներկայացվեցին Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգողի պաշտոնում ընտրված Մարիամ Մկրտչանն ու Հրաչ Քոչարյանը: Նրանք ընտրվել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգի իրավիճակների նախարարության, Վայոց Ձորի մարզպետարանի ու Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի կողմից՝ նախապես հայտարարված մրցույթի կարգի համաձայն, օգոստոսի 28-ին Վայոց Ձորի մարզպետարանում տեղի ունեցած հարցազրույցի արդյունքում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցների համար «Շրջակա միջավայրին վնասի հաշվարկի ու հատուցման մեթոդաբանություն» թեմայով դասընթաց վարեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փորձագետ Էրիկ Գրիգորյանը: Նա անդրադարձավ Հայաստանում գործող բնապահպանական վճարների համակարգին՝ կարևորելով դրանց ուղղումը բնապահպանական խնդիրների վերացմանը: Նրա խոսքով, օրինակ ԱՄՆ-ում բնապահպանական որևէ վճար չկա, բայց փոխարենը տվյալ ձեռնարկության տարածքից դուրս եկող ջուրը պետք է համարժեք լինի խմելու ջրի որակին: Փորձագետը տեղեկացրեց, որ միջազգային պրակտիկայում ներկայումս առավել ընդունելի մոտեցում է համարվում շրջակա միջավայրին հասցված վնասի կանխարգելման միջոցառումների իրականացումը, ոչ թե աղտոտման համար վճարումների համակարգի ներդրումը, իսկ եթե կանխարգելումը հնարավոր չէ՝ վնասի վերականգնման հնարավորությունները, որի ֆինանսական փոխհատուցման դեպքում հաշվարկվում է, թե ինչ կարժենա շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման ծախսը։

Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ շրջակա միջավայրին հասցվող վնասի ու դրա հատուցման հաշվարկի դեպքում առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել հանրային սեփականության պաշտպանությանը, քանզի Հայաստանում առավել լավ պաշտպանված է մասնավոր սեփականությունը, քան՝ հանրայինը:

Հաջորդիվ դասախոսություն կարդաց Գյուրջիևի ուսմունքն ուսումնասիրող Արթուր Նիկողոսյանը՝ «Բնապահպանական հիմնախնդիրների թաքնագիտական և իմաստնական ընկալումները» թեմայով: Թաքնագիտության դեպքում գիտելիքը համարվում է խորքային, որը դժվար է ընկալել, ջանքեր է պետք գործադրել այն բացահայտելու համար: Եվ բնության հետ ներդաշնակ ապրելու համար նախ պետք է ներդաշնակ ապրես ինքդ քեզ հետ ու քեզ համարես բնության մի մասնիկը: Նրա խոսքով քանի դեռ մարդ արարածը դիտորդի կարգավիճակում է, այլ ոչ թե բնության անդամի, բնության պահպանության մասին խոսելն անիմաստ է:

Հաջորդիվ փորձագետ Նվեր Պողոսյանը տեղեկացրեց, թե ինչպես կարելի է նվազեցնել աղետների ռիսկերը՝ համապատասխան գիտելինքներին տիրապետելու ու դրանք գրագետ կիրառելու միջոցով:

Աշխատանքային հանդիպման վերջում քննարկվեցին կենտրոնների ընթացիկ ու հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: Որոշվեց կրկնակի հարցում հղել ՀՀ ՖՆ-ին, քանի որ օգոստոսի 18-ին նախարարությանն ուղղված նամակի պատասխանը չէր ներառումը առաջ քաշված հարցադրումների պատասխանները: Որոշվեց նաև նախապես պլանավորված գործողություններին զուգահեռ քննարկել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ ներդրում» նախագծին հավանություն տալու կառավարության որոշման իրականացմանն ուղղված հետագա քայլերը:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com