3,089 view
Կառավարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին
14.09.2015
Սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ ներդրում» (INDC) (http://ecolur.org/files/uploads/pdf/indc.pdf ) որոշման նախագիծը:
Փաստաթուղթը տվյալ երկրի կողմից ընդունված զարգացման ռազմավարության հիման վրա մշակված կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններ է նախատեսում:
Երկրները մշակում են իրենց ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները,

որպեսզի 2020թ-ից հետո միասնաբար գան ջերմոցային գազերի գումարային արտանետումների այնպիսի քանակական ցուցանիշի, որը կապահովի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը ոչ ավել քան 2, կամ 1.5 աստիճանով:

Կլիմայի փոփոխության մեղմման գործողություններում ընդգրկված հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան (ներառյալ վերականգնվող էներգետիկայի զարգացում և էներգախնայողություն), տրանսպորտը (ներառյալ էլեկտրատրանսպորտի զարգացում), քաղաքաշինությունը, թափոնների կառավարումը, արդյունաբերական պրոցեսները (շինանյութերի ու քիմիական արտադրություն), հողօգտագործումն ու անտառային տնտսությունը (անտառապատում, անտառվրականգնում, հողում օրգանական ածխածնի կուտակում):

ՀՀ-ն ձգտում է 2050թ. հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի արտանետումներին (մեկ շնչին 2,07 տ/տարի)՝ համարժեք ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակության և կարողությունների ամրապնդմանը աջակցելու պարագայում:

Փաստաթղթով առաջարկվում է նաև ֆինանսական նոր մեխանիզմի ստեղծում՝ կլիմայական քաղաքացիական շրջանառու հիմնադրամի ձևաչափով, որի համալրման աղբյուրներից կարող են լինել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարներից կատարվող մասնահանումները: Այս գաղափարի ներդրումը ողջունվել ու կարևորվել է Հայաստանի Օրհուս կենտրոնների կողմից: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարությունը ոչ նպատակահարմար էր համարել վերոնշյալ վճարների ուղղումը դեպի հիմնադրամ, ինչի վերաբերյալ Հայաստանի Օրհուս կենտրոնները գրություն էին հղել ՀՀ Ֆինանսների նախարարին՝ պահանջելով վերանայել իր կողմից կառավարվող կառույցի տեսակետն ու դիրքորոշումը և, ստանալով անլիարժեք պատասխան նախարարությունից, կրկնակի հարցում արել՝ պնդելով նախկինում արված առաջարկություններն ու նախագծի նկատմամբ դիրքորոշման վերանայում:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ՝ aarhusnews@gmail.com