2,878 view

Լարված մթնոլորտ Մելիքգյուղի համայնքապետարանում

12.09.2015
Սեպտեմբերի 9-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղապետարանում տեղի ունեցան «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումները:
Մասնակցում էին ՀՀ ԲՆ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կ. Մովսիսյանը, «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի վարչական գծով տնօրենի տեղակալ Տ. Բաղդասարյանը, ընկերության նախագծողներ Վ. Թևոսյանը և Հ. Նիկողոսյանը, , ԱԺ փորձագետ Հ. Պողոսյանը, Մելիքգյուղի

համայնքապետ Հ. Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, համայնքի բնակիչներ, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգողը, «Էկոլոգիական հասարակական դաշինք» և «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահները, Շանթ TV-ի և «Էկոլուր» բնապահպանական-տեղեկատվական ՀԿ լրագրողները:

Նախագծի հեղինակ՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Թևոսյանը ներկայացրեց նախագիծի այն մասը, որը վերաբերում էր ֆաբրիկայի վերազինմանը և ջարդիչ կայանքի կառուցմանը: Ըստ բանախոսի կայանքի շահագործումը պարունակելու է բնապահպանական ռիսկ՝ կապված ջարդման ժամանակ առաջացող փոշու տարածման, արտանետումների հետ, սակայն տեղադրված քաշիչ սարքերը կկլանեն արտանետվող փոշին և թույլ չեն տա, որ այն տարածվի շրջապատում:

Հաջորդ հարցի` գոյություն ունեցող պոչամբարների պատնեշների կայունացման, պոչանքների ժամանակավոր պահեստարանի կառուցման մասին խոսեց նախագծող Հ. Նիկողոսյանը: Նա նշեց, որ ներկայումս երեք պոչամբարները վթարային վիճակում են, տեղի են ունեցել պատնեշի փլուզումներ: Ըստ նախագծող Հ. Նիկողոսյանի և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կ. Մովսիսյանի, փլուզման պատճառն այն է, որ նախկինում պոչամբարներից մեկի պատնեշի բարձրացումը իրականացվել է առանց նախագծային փաստաթղթերի, առանց մեկուսիչ շերտի և պաշտպանիչ էկրանի: Ներկայիս վթարային իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է միավորել գոյություն ունեցող պոչամբարները և կառուցել ընդհանուր մեկ պատնեշ: Հ. Նիկողոսյանն ասաց, որ հին պոչերը պահեստավորելու համար դիտարկվում է երկու տարբերակ, առաջինը՝ կառուցել ժամանակավոր կուտակիչներ 3 հեկտարի վրա, 3 մետր բարձությամբ պատնեշով կամ կառուցել նոր պոչամբար և այնտեղ տեղափոխել հին պոչերը:

Հարկ է նշել, որ նախագծի ներկայացման ընթացքում համայնքի բնակիչներն ու բնապահպաններն անընդհատ պարզաբանում պահանջող հարցադրումներ էին ուղղում բանախոսներին: Շատ հարցեր ուղղակի անպատասխան էին մնում, որոշ հարցերի պատասխաններն էլ առաջ էին բերում բնակիչների զայրույթն ու վրդովմունքը:

Թե՛ բնապահպանները, թե՛ հայմայնքի բնակիչները կրկին իրենց մտահոգությունը հայտնեցին «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կատարած խախումների, ստանձնած ու չկատարած պարտավորությունների, գյուղին հասցված վնասների վերաբերյալ: Բնապահպանական փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ի մասնագետին ներկայացվեցին բազում խնդիրներ, որոնք հանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների շահագործման արդյունքն են:
Քննարկումը չափազանց բուռն էր: Բնապահպաններն ու համայնքի բնակիչների մի մասը պնդեցին, որ կտրականապես դեմ են թե՛ ներկայացվող նախագծին, թե՛ հանքի շահագործմանն ընդհանրապես:

Շանթ TV-ի և EcoLur-ի հանրային քննարկումների տեսանյութերի հղումները ստորև.
https://www.youtube.com/watch?v=LDJC4jiIC88
http://www.shanttv.com/ru/news/political/2015_09_09/17026/ (8ր 11վ-ից):

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 224926
Էլ-փոստ՝ aarhusaparan@mail.ru, info_aparan@aarhus.am