3,792 view

Ճանաչողական այց «Արփի լիճ» ԱՊ և բնության հուշարձանների տարածքներ

07.09.2015
Օգոստոսի 30-ին Երևանի Օրհուս կենտրոնը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանի հետ համատեղ կազմակերպեցին ճանաչողական այց «Արփի լիճ» ազգային պարկ և բնության հուշարձանների տարածքներ:
Ուսանողներից, երկրաբանական թանգարանի էկոակումբի անդամներից, Երևանի Օրհուս կենտրոնի կամավորներից և անհատ քաղաքացիներից կազմված խումբն Երևանից Արփի լիճ տանող երկար ճանապարհն անցավ հետաքրիր բացահայտումներով:
Նախ Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողը մասնակիցներին ծանոթացրեց ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) կատեգորիաների, դրանց պահպանության ռեժիմների, ինչպես նաև պահպանման նպատակների հետ: Մասնավորապես նշեց, որ ԲՀՊՏ-ների պահպանության հիմնական

նպատակն է ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների, բնության ժառանգության բնականոն զարգացումը: Նշեց նաև, որ ԲՀՊՏ-ները ներկայումս Հայաստանում ըստ համապատասխան պահպանության ռեժիմների դասակարգվում են 4 կատեգորիաների` Արգելոցներ, Ազգային պարկեր, Արգելավայրեր և Բնության հուշարձաններ:

ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանի տնօրեն, Երևանի ճարտարապետա-շինարարական համալսարանի «Գեո-էկոլոգիա» ամբիոնի Հայաստանի բնության երկրաբանական հուշարձանների կադաստր առարկայի դասավանդող Գայանե Գրիգորյանն անդրադարձավ ՀՀ բնության հուշարձանների և դրանց պահպանության հարցերին: Նշեց, որ ներկայումս ՀՀ-ի բնության հուշարձանների ցանկում ընդգրկված են 106 երկրաբանական, 48 ջրաերկրաբանական, 40 ջրագրական, 17 բնապատմական, 21 կենսաբանական հուշարձաններ: Տիկին Գրիգորյանը հավելեց, որ բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը: Ճանապարհին` Երևան-Գյումրի խճուղու ձախ կողմում, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև էկոարշավի մասնակիցները կանգ առան և ծանոթացան ՀՀ բնության հուշարձանների ցանկում գրանցված «Կրիա» քարե բնական քանդակի հետ և քանդակի տարածքում մոնիտորնգ անցկացրեցին: Այստեղ անհանգստացնող փաստ կար, քանդակի տակը փորված էր, թե ինչ նպատակներով հայտնի չէ, միայն ենթադրվում է, որ այն արված է քանդակը տեղափոխելու նպատակով: Որոշվեց դիմել ՀՀ բնպահապանության նախարարության կենսառեսուրսների պահպանության գործակալություն, որպեսզի ապահովվի քանդակի պահպանությունը:

Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, «Արփի լիճ» Ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանը դիմավորեց մասնակիցներին և ուղեկցեց ազգային պարկ: Այնտեղ տանող ճանապարհը նույնպես հագեցած էր բացահայտումներով, մասնակիցները ժամանակ առ ժամանակ կանգ էին առնում և ծանոթանում տարածքի յուրահատկությունների հետ: Արա Պետրոսյանը մեծ ոգևորությամբ էր ներկայացնում տարածքի առանձնահատկությունները և պատմությունը: Նրա ներկայացմամբ տարածքում հայտնաբերված են մոտ 670 տեսակի բույսեր, որոնցից 22-ը հանդիպում են միայն այս տարածքում և որպես էնդեմիկ տեսակներ գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Հանդիպում է կաթնասունների մոտ 30 տեսակ, որոնց շարքում ևս կան հազվագյուտ տեսակներ՝ Եվրոպական ջրասամույրը և խայտաքիսը: Տարածքում հայտնաբերվել է թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Հայտնի է նաև մողեսների 4 և օձերի 5 տեսակ: Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ոչնչացման վտանգի տակ գտնվող Դարևսկու իժը:

Բացի ԱՊ տարածքի կենդանական և բուսական աշխարհի առանձնահատկություններից, հենց ինքը` Արփի լիճն իրենից ներկայացնում է ջրային ռեսուրսի մեծ պաշար: Լճի ջրահավաք ավազանի արևմտյան հատվածը ծառայում է որպես ոռոգման ջրի հիմնական աղբյուր, ինչպես նաև տարածաշրջանի մի քանի քաղաքների, այդ թվում` մարզկենտրոն Գյումրիի խմելու ջրի աղբյուր:

ԱՊ-ի տնօրենը նշեց, որ պարկի ստեղծման և պահպանման գործում մեծ ներդրում ունեն ՀՀ բնապահպանության նախարարությունը և WWF-ի գերմանական և հայաստանյան գրասենյակները:

Մասնակիցներն իրենց աչքերով տեսան տարածքում հանդիպող որոշ թռչնատեսակներ և բուսատեսակներ, մեծ տպավորություններ ստացան վայրի բնության յուրօրինակ հրաշքից` Արփի լճից և համարեցին նպատակային ճանաչողական նմանատիպ այցերի կազմակերպումը:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.`(+374) 91 81 60 55
Էլ-փոստ` info@aarhus.am
Լուսանկարները` Անահիտ Գրիգորյանի