3,371 view

Օրհուսի կոնվենցիայի իրազեկման միջոցառում Նոյակերտ և Եղեգնավան

31.08.2015
Օգոստոսի 27-ին Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնի համակարգողը և կենտրոնի կամավորները Օրհուսի կոնվենցիան ներկայացնելու, Արարատի մարզի բնապահպանական խնդիրները քննարկելու և դրանց լուծման հնարավոր ուղիները պարզելու նպատակով այցելեցին Արարատի մարզի Նոյակերտ և Եղեգնավան համայնքները:
Կենտրոնի կամավորները ՏԻՄ և մարզային կառավարման պաշտոնատար անձանց իրազեկեցին Օրհուսի կոնվենցիայով իրենց տրվող լիազորությունների ու պարտավորությունների մասին, մասնավորապես շրջակա միջավայրում նախատեսվող գորոծողությունների վերաբերյալ հանրությանը վաղ
փուլում իրազեկելու և որոշումների կայացման գործընթացին ներգրավելու վերաբերյալ:

Նոյակերտ համայնքում հանդիպմանը մասնակից բնակիչները և ՏԻՄ ներկայացուցիչները ակտիվորեն քննարկեցին ներհամայնքային բնապահպանական խնդիրները` կապված խմելու ջրի ներքին ցանցի բացակայության, ջրահեռացման, ոռոգման ջրի և աղակալած հողերի հետ: Ինչպես նշեցին համայնքի ներկայացուցիչները, Նոյակերտ գյուղը միշտ էլ ունեցել է խմելու ջրի խնդիր, որը համայքն իր սուղ բյուջեով ի զորու չէ լուծել: Ինչպես տեղեկացանք, գյուղի երկու ծայրերին մեկական խմելու ջրի աղբյուր կա, որոնց հասնելու համար ահռելի ճանապարհ է պետք անցնել:

Եղեգնավան համայնքի խնդիրները նմանատիպ էին, բայց ամենացավոտը կրկին խմելու ջրի բացակայությունն էր: Համայքի բնակիչները նշեցին, որ խնդիրը լուծելու խնդրանքով բազմիցս են դիմել ինչպես ՏԻՄ-ին, այնպես էլ ջրամատակարարող ընկերություններին ու սպասում են խնդրի արդարացի լուծմանը:

Համայնքներում Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսեց բնապահպանական վճարներից մասհանումների կարգի մասին: Համայնքի ներկայացուցիչներին առաջարկեց լինել հետևողական և պահանջատեր` ազդակիր համարվող համայնքների ցանկում ընդգրկվելու և հարակից արդյունաբերական ձեռնարկությունների կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանում ստանալու համար:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ` info_ararat@aarhus.am

Խմբագիր` Մարի Չաքրյան