3,356 view

Հասարակության իրավական զարգացման խնդիրների քննարկում Դիլիջանում

26.08.2015
Օգոստոսի 26-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Քաղաքացիական հասարակության իրավական հզորացման գործիքները» թեմայով: Միջոցառումը ոչ միայն իրազեկման, այլև քաղաքապետարանի աշխատակիցներին, քաղաքի կրթամշակութային և իրավական ոլորտի ներկայացուցիչներին, Օրհուս կենտրոնի փորձագետների խորհրդի անդամներին վերապատրաստման նպատակ էր հետապնդում՝ միջազգային և ազգային օրենսդրության մատչելության թեմայով:
Հանրապետությունում օրենսդրական փոփոխությունների հայեցակարգային հարցերի

վերաբերյալ ընդարձակ ելույթ ունեցավ Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոնի հանձնախմբի համակարգող, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Միջոցառման մասնակիցները հետաքրքրվեցին սահմանադրական փոփոխություններով: Մեջբերեցին, որ ներկայումս սահմանադրական փոփոխությունների հետ կապված որոշ պարբերականներում հղում են անում Անկախության հռչակագրին, մասնավորապես, որ ՀՀ ջուրը, հողը ընդերքը հանրային են, հետևապես ինչպե՞ս է այդ հարցը կարգավորում ներկայիս սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ողջունելով ներկաների հետաքրքրությունը՝ Գևորգ Դանիլեյանը պարզաբանեց առաջարկվող փոփոխությունների օրենսդրական նշանակությունն ու գործնական կիրառելիության հարցերը:

Միջոցառման մասնակիցները բանախոսին թեմայի շուրջ մի շարք հարցեր ևս ուղղեցին, թե ինչպե՞ս կարելի է ձեռքբերել անհրաժեշտ տեղեկատվությունը, ո՞ր դեպքերում կարող են այն տնօրինողները մերժել կամ գումար պահանջել տեղեկատվության համար, ինչպե՞ս է օրենքով կարգավորվում հանքարդյունաբերությունը, հարցեր հնչեցին դատական համակարգի վերաբերյալ, թե ինչպե՞ս է ձևավորվում արդարադատության խորհուրդը:

Առանձնակի կարևորվեց Դիլիջանի մասին օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքը, որով մասնավորապես արգելվում է ապօրինի շինությունների օրինականացումը մինչև նոր գոտիավորման նախագծի կազմումը և նոր խորհրդի մասնագիտական կարծիքը, մինչդեռ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով թույլատրվում է ապօրինի շինությունների օրինականացումը, ինչպե՞ս են կարգավորվում նմանատիպ օրենսդրական տարաձայնությունները, ո՞ր օրենքին է տրվում նախապատվությունը:

Այս բոլոր հարցերին պրոֆեսոր Դանիելյանը տվեց սպառիչ պատասխաններ՝ հղում անելով համապատասխան օրենքների հոդվածներին, օրինակներ բերեց, թե այլ երկրներում ինչպես են կարգավորվում ներկաներին հուզող հարցերը:

Մասնակիցների ցուցակ

Ալբերտ Հարոյան
Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 268 23138, 94 763594
Էլ. փոստ. info_dilijan@aarhus.am , albertharoyan@rambler.ru

Խմբագիր` Մարի Չաքրյան