3,458 view

Անտառպահպանման և անտառվերականգնման պետական համապարփակ ծրագրի անհրաժետությունն ակնհայտ է

26.08.2015
• Համաձայն 1993թ. անտառների հաշվառման՝ անտառային ֆոնդը կազմել է 459,9 հազ. հա, ինչը կազմում է ՀՀ տարածքի 11,2%: Այժմ անտառային ֆոնդը կազմում է 334.1հազ. հա՝ ՀՀ տարածքի 8%-ը:
• Անտառների արդյունավետության միջին ցուցանիշը եղել է 3.6, այժմ՝ 3-ից ցածր:
• Անտառների միջին լրիվությունը եղել է 0,55, այժմ՝ 0.3. սա արդեն անտառ չէ, այլ՝ նոսրուտներ:
• Հայաստանում մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը ներկայումս 27 անգամ քիչ է, քան ԱՊՀ երկրներում:
• Փաստացի հատումները 10-15 անգամ գերազանցում են պլանային հատումներին:

• Անտառամերձ համայնքների բնակիչները ավանդաբար օգտվել են անտառից և դա չի հանգեցրել անտառի ոչնչացմանը և որակազրկմանը: Այժմ անտառամերձ գյուղերի բնակիչները իրավունք ունեն Հայանտառ ՊՈԱԿ-ից ստանալ 8 խմ թափուկ՝ եթե տվյալ անտառում այն առկա է, առանց փայտը վերավաճառելու իրավունքի:

Այս կարևորագույն խնդիրների վերաբերյալ օգոստոսի 19 և 20-ին Լոռու մարզի 5 անտառամերձ համայնքներում՝ Շնողում, Շամլուղում, Օձունում, Եղեգնուտում և Գարգառում իրականացվեցին քննարկումներ և դասընթացներ դպրոցականների համար:

Ծրագիրն իրականացվում է “Road Show” ծրագրի շրջանակներում ENPI EAST FLAG-ի, Համաշխարհային բանկի և Հայաստանի անտառներ ՀԿ կողմից: Վանաձորի Օրհուս կենտրոն ծրագրի իրականացմանը նպաստել է կազմակերպչական աջակցությամբ:
Փորձագետներ Նազելի Վարդանյանը, Ինգա Զարաֆյանը և Ամալիա Համբարցումյանը համայնքապետերի, համայնքապետարանների աշխատակիցների, անտառտնտեսության մասնագետների, համայնքի բնակիչների հետ հանդիպումներ ունեցան, քննարկեցին անտառների կառավարման, պահպանության և օրենսդրության խնդիրները, համայնքի բնակիչների կարիքները: Անտառների հիմնախնդիրների վերաբերյալ հատուկ դասընթացներ անցկացվեցին դպրոցականների համար:

Ըստ տեղեկատվության վատացել են անտառների և՛ քանակական, և՛ որակական ցուցանիշները: Ավելացել է անտառի վրա ճնշումը, ինչը բազմապատիկ վատ ազդեցություն է ունենում անտառների վրա:

Սա կապված է բնակչության սոցիալական վիճակի վատացման, տնտեսության և տնտեսական կապերի քայքայման, անտառի ապօրինի օգտագործման, բնակչության զբաղվածության և եկամուտների ցածր մակարդակի, կառավարման պակասի կամ բացակայության, տնտեսական ծրագրեր չունենալու, կառավարման բարձր մակարդակներում ապօրինի գործունեության հովանավորչության և բազմաթիվ այլ խնդիրների հետ, այդ թվում նաև համայնքների անբավարար ֆինանսական միջոցների հետ:

Չկան արդյունավետ հասարակական մասնակցությունն ապահովող բնապահպանական, սոցիալական, տնտեսական ֆինանսավորման մեխանիզմներ: Կարիք կա անտառպահպանման և անտառվերականգնման պետական համապարփակ ծրագրի՝ ինտեգրված տնտեսության բոլոր ոլորտների, ենթակառուցվածքների, կառավարման մակարդակների հետ:

Պերճ Բոջուկյան
Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 77 72 33 88, 55 55 00 37
Էլ-փոստ՝info_vanadzor@aarhus.am, bojukyanp@mail.ru