3,534 view

Բնապահպանական իրավունքի դասընթաց Ապարանի Օրհուս կենտրոնում

24.08.2015
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակը և Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն ՀԿ-ն Օրհուս կենտրոններում անցկացնում են դասընթացների շարք, որոնց նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` բարձրացնելու իրենց կարողությունները Օրհուսի կոնվենցիայի երրորդ հիմնադրույթի` արդարադատության մատչելիության ուղղությամբ:
Օգոստոսի 20-ին Ապարանի Օրհուս կենտրոնում անցկացվեց Օրհուսի կոնվենցիայի շրջանակում արդարադատության մատչելիության հարցերին վերաբերող առաջին միջոցառումը` ՏԻՄ-երի

և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ավագանու անդամների մասնակցությամբ:

Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն ՀԿ –ի փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկայացրեց Կոնվենցիայի չափանիշները` տեղեկատվության մատչելիությունն ու հանրային մասնակցությունը ամրապնդող իրավաքննական գործընթացների իրավական մեխանիզմները, ինչպես նաև ներպետական բնապահպանական իրավունքի դրույթները:

Անդրադառնալով բնապահպանական հարցերով իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության հակադրման գործնական հիմնախնդիրներին և դրանց լուծման եղանակներին` փորձագետը կարևորեց վարչական մարմինների առջև հարցերի ճիշտ բարձրացման, վարչական դատարան դիմելու գործընթացը: Օրինակ, վարչական մարմնին հարցում անելիս, կամ դիմելիս, պետք է ճիշտ հղում անել համապատասխան օրենսդրական կետերին, որպեսզի վարչական մարմնի համար հասկանալի լինի, թե որոնք են լինելու հարցում անողի հետագա քայլերը:

Անդրադառնալով տեղեկատվություն ստանալու մասին հարցումների խնդրին` նշեց, որ եթե հարցումը չի քննարկվել, մասամբ կամ ամբողջությամբ անհիմն մերժվել է, պատշաճ ձևով չի բավարարվել կամ այդ հարցման նկատմամբ ցուցաբերվել է Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող մոտեցում, ցանկացած անձ կարող է ունենալ դատարանում կամ օրենքին համապատասխան ստեղված այլ անկախ և անկողմնակալ մարմնում ընդունված որոշման վերանայման հնարավորություն։

Փորձագետը պարզաբանում տվեց նաև Սահմանադրական դատարանի այն որոշումներին, որոնք վերաբերում են վարչական մարմնի գրագրությամբ զբաղվելուն, օրինակ, եթե վարչական մարմինն ըստ էության չի պատասխանում հարցմանը, ապա դա կարող է դիտարկվել որպես վարչական ակտ ու վիճարկվել դատարանում:

Մասնակիցների գնահատմամբ դասընթացը և քննարկումը հետաքրքիր էր և օգտակար: Պարոն Դանիելյանին ուղղվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները մասնակիցների համար կարևոր և կողմնորոշիչ կլինեն հետագա գործունեության ընթացքում:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 94 224926
Էլ-փոստ`aarhusaparan@mail.ru , info_aparan@aarhus.am