3,032 view

Թափառող և անօթևան կենդանիների պաշտպանությանն ու պահպանմանը նվիրված սեմինար Արարատում

24.08.2015
Օգոստոսի 20-ին Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ սեմինար՝ «Թափառող և անօթևան կենդանիները, նրանց պաշտպանությունը» խորագրով: Սեմինար–քննարկումը նվիրված էր անօթևան և թափառող շների պաշտպանության միջազգային օրվան: Նպատակն էր` ներկաներին ծանոթացել թափառող և անպաշտպան կենդանիների պաշտպանության և պահպանման ընդհանուր դրույթներին, այս ոլորտում առկա նշանակալի թերություններին ու բնորոշ սխալներին:
Միջոցառման սկզբում կենտրոնի կամավոր Քրիստինե Բալայանը մասնակիցներին ներկայացրեց թափառող և անօթևան կենդանիների պաշտպանության

բնորոշ խնդիրները, անդրադարձավ այս կենդանիներին հատկացվող կացարաններին, ինչպես արտասահմանյան երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում, ներկայացրեց Կենդանիների իրավունքների հռչակագիրը, թափառական կենդանիների պաշտպանության ծրագիրը, որը տեղայնացվում է` ելնելով տվյալ երկրի և քաղաքի կառավարման համակարգից: Ներկայացվեց տեսանյութ մասնավորապես շների վնասազերծման աշխատանքով զբաղվող «Յունիգրաֆ իքս» կազմակերպության գործունեության մասին:

Բանախոսի ներկայացրած տեղեկատվության համաձայն, թափառող կենդանիները դասակարգվում են երկու խմբի՝ փողոցում ծնված կենդանիներ և կենդանիներ, որոնք նախկինում ունեցել են խնամողներ, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում: Անդրադարձավ թափառող կենդանիների էթոլոգիային, թափառող և անօթևան կենդանինների սպանդին և շրջակա միջավայրի վատթարացման պատճառով դրանց ավելացման խնդրին:

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀԿ-ներից, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ: Նրանց առաջարկվեց խմբային աշխատանքի միջոցով թափառող և անօթևան կենդանիների պաշտպանության ուղիներ ուրվագծել: Մասնակիցներն առաջարկեցին քաղաքային բնակավայրերից հեռու կացարաններ ստեղծել, անօթևան կենդանիների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություններ ձևավորել, ֆլեշ մոբեր իրականացնել՝ հարցը հասարակության ուշադրության կենտրոնում պահելու նպատակով:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ` info_ararat@aarhus.am

Խմբագիր՝ Մարի Չաքրյան