5,920 view

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդիրները և լուծման հնարավոր ուղիները

18.08.2015
Ներկայումս ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) կառավարման ոլորտը կարգավորված չէ, ոլորտում գոյություն ունցող բազմաթիվ թերություններն ու խնդիրները անհապաղ լուծում են պահանջում: Թափոնների կառավարման որակը խիստ ցածր է, աղբի հավաքման և տեղափոխման տրանսպորտային սարքավորումները հիմնականում հնացած են և անբավարար են կանոնավոր ծառայություն մատուցելու համար, թափոնները կուտակվում են անվերահսկելի և տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող աղբավայրերում: Բնականաբար այս ամենն իր բացասական ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի անվտանգության վրա. Հայաստանի

գրեթե բոլոր ջրային օբյեկտներն աղտոտված են կենցաղային աղբով, զերծ չեն նաև անտառային և մնացած տարածքները:

2012թ. Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվեց «Հայաստանի ԿԿԹ կառավարման բարելավման դրամաշնորհային ծրագիրը», որի նպատակն է` ոլորտի ազգային ռազմավարական տեսլականի սահմանումը և պլանավորումը: Այս ծրագրի շրջանակներում մշակվել է Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի «Ռազմավարական զարգացման պլանը, ճանապարհային քարտեզը, երկարաժամկետ ներդրումային պլան» նախագիծը:

Օգոստոսի 5-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած «ԿԿԹ կառավարման հիմնախնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով հանրային քննարկման ընթացքում վերոնշյալ նախագիծը հանրության ուշադրությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:

Նախագծով առաջարկվում է կառուցել Եվրոպական ստանդարտներին համապատասխան թվով 5 տարածաշրջանային սանիտարական աղբավայրեր, որոնք կսպասարկեն հանրապետության գրեթե ողջ տարածքը: Պարոն Բախշյանի խոսքով, առաջին հայացքից իդեալական թվացող նախագծում կան կետեր, որոնք ընդունելի չեն իրենց կողմից: Առաջինը աղբահանության սակագնի հարցն է. «Այս նախագիծը շատ թանկարժեք է, հնարավոր է, որ նախագծի իրականացումից հետո աղբահանության վճարը մեկ անձի համար սահմանվի 400 դրամի չափով, որը մեր բնակչության համար մատչելի չի լինի»,-նշեց փոխնախարարը: Երկրորդը` նախագծով նախատեսված չէ աղբի տեսակավորման հարցը. պարոն Բախշյանի խոսքով «Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից վարձված խորհրդատուներն առաջարկել են զերծ մնալ տեսակավորումից` հաշվի առնելով Վրաստանի Ռուսթավի քաղաքում Եվրոպական ստանդարտներին համապատասխան գործող աղբավայրի փորձը, որտեղ ներդրված տեսակավորման արտադրամասի ծախսերն ավելին են, քան` տեսակավորումից ստացվող եկամուտները:

Այս տեսակետի հետ չհամաձայնվեց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը` նշելով, որ պետք է հաշվի առնել նաև խնդրի բնապահպանական կողմը:

Մասնակիցները կարևորեցին աղբի տեսակավորման և վերամշակման հարցերը` որպես ԿԿԹ կառավարման բաղկացուցիչ մաս: «Տապան էկոակումբ» ՀԿ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը նշեց, որ աղբի տեսակավորման գաղափարը դեռ փոքրուց է պետք սերմանել: Նա դեմ արտահայտվեց ամբողջ Հայաստանի տարածքում 5 աղբավայր ունենալու գաղափարին` բազմաթիվ խնդիրներ կանխատեսելով աղբի տեղափոխման առումով: Պարոն Սարգսյանը նաև առաջարկեց ուսումնասիրել Պարսկաստանի փորձը` մեջբերելով մի քանի տարվա ընթացքում Թեհրանը ամենաաղտոտվածից ամենամաքուր քաղաքի վերածելու փաստը:

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը նույնպես կարևորեց էկոկրթական հարցերը` նշելով, որ Օրհուս կենտրոնները նպաստում են ոլորտի միջազգային օրինակելի փորձի ներկայացմանը` բազմաթիվ էկոկրթական միջոցառումներում կարևոր տեղ հատկացնելով աղբի տեսակավորման, վերամշակման, վերօգտագործմանն հարցերին: Սիլվա Այվազյանն առաջարկեց նաև Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ազգային ռազմավարության նախագիծը զետեղել Օրհուս կենտրոնների կայքում և լայն իրազեկում իրականացնել հասարակության շրջանում:

Նախագիծը, շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո, կներկայացվի ՀՀ Կառավարությանը:

Քննարկմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության նախարարություններից, ՀՀ Ազգային ժողովից, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Այն կազմակերպվել էր «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող` «Աջակցություն կառավարման համակարգի և ՀԿ-սեկտորի միջև երկխոսությանը ՀՀ-ում «Հետ Ռիո+20» գործընթացի իրականացման շրջանակներում» ծրագրի շրջանակներում` Երևանի Օրհուս կենտրոնի աջակցությամբ:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 11 81 85 93
Էլ-փոստ` info@aarhus.am, silvaa@list.ru