5,571 view

Էկոլրագրությունը՝ որպես շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տարածման կարևոր գործիք

17.08.2015
Օգոստոսի 14-ին Արարատի Օրհուս կենտրոնը Արարատ քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի «Պատանի լրագրողներ» խմբակի սաների խնդրանքով, մանկապատանեկան կենտրոնում անցկացրեց էկոկրթությանն ուղղված իր հերթական միջոցառումը «Էկոլոգիական լրագրություն» թեմայով: Նպատակը` երեխաներին ծանոթացնել էկոլոգիական լրագրության բուն գործառույթներին, ուղղություններին, շրջակա միջավայրի վերաբերյալ թեմաներով լուսաբանումների թերություններին ու բնորոշ սխալներին, նյութը ճիշտ կազմելու և դյուրըմբռնելի ձևով լսարանին հասցնելու գործընթացին, էկոդաստիարակության գործում լրագրության ունեցած դերին:

Միջոցառմանը լուսաբանվեցին ինչպես էկոլոգիական գլոբալ հարցեր, այնպես էլ` տեղական բնույթի խնդիրներ: Էկո-կրթական միջոցառման սկզբում պատանի լրագրողներին ներկայացվեց տեսական նյութ Էկոլոգիական լրագրության վերաբերյալ, խոսվեց, թե ինչպես է էկոլոգիան ազդում մարդկային գործունեության բոլոր բնագավառների, ինչու չէ` նաև լրագրության վրա, խոսվեց նաև, թե ինչ է իրենից ներկայացնում էկոլոգիական տեղեկատվությունը և ինչպես այն կարելի է հասցնել համապատասխան լսարաններին, պարզաբանվեց լրագրության այս ուղղության անհրաժեշտությունը հանրային իրազեկման առումով:

Ներկայացվող նյութն ավելի պատկերվոր և մատչելի դարձնելու համար զուգահեռ կիրառվեցին ցուցադրական նյութեր` պրեզենտացիայի տեսքով: Այնուհետև տեղի ունեցավ քննարկում: Աշակերտներից յուրաքանչյուրը փորձեց ստացած տեսական նյութը տեղափոխել գործնական հարթակ` բնապահպանական տարբեր խնդիրներով փոքրիկ տեղեկատվություն ներկայացնելու միջոցով:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ` info_ararat@aarhus.am

Խմբագիր` Մարի Չաքրյան