6,195 view

Բնակիչների առողջության վատթարացման ահազանգ Ալավերդիում

13.08.2015
Ալավերդու Օրհուս կենտրոն չեն դադարում ահազանգերը՝ բնակիչների առողջության վատթարացման մասսայական խնդրով, որոնք բոլորի մոտ նույնատիպ դրսևորումներն ունեն՝ աղիքային պրոբլեմ, ջերմություն, գլխացավ, թուլություն: Ալավերդու բժշկական կենտրոնից տեղեկացել ենք, որ ինֆեկցիոն բաժանմունքը այդ առումով մեծ ծանրաբեռնվածություն չունի, աշխատում է սովորական ռեժիմով:
«Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամաս այցելությունից իմացանք, որ ահանզանգերի հետքերով բնակարաններից նմուշառված ջրի մանրէաբանական լաբորատոր անալիզների արդյունքում շեղում չի հայտնաբերվել:

ՀՀ Առողջապահության նախարարության Լոռու մարզային կենտրոնի բժիշկ-հիգիենիստի տեղեկացմամբ՝ կատարվել են հետազոտություններ և մինչ այս պահը, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի հետ կապված մանրէաբանական և քիմիական նորմատիվային խախտումներ և շեղումներ չկան:

Սակայն, անընդհատ ավելանում է վերոհիշյալ առողջական խնդիրներով մարդկանց թիվը: Չպարզված խնդրից հասարակությունը անհանգստացած է և հայտնվել է խուճապային իրավիճակում:
Պարզաբանումներ ստանալու, բնակչությանն անհանգստացնող հարցը ճշտելու և հիվանդացության պատճառը հայտնաբերելու համար՝ Օրհուս կենտրոնն ահազանգել է պատկան մարմիններին և տեղեկատվական հարցումներ ուղղել`Ալավերդու քաղաքապետարանին, Լոռու մարզպետարանին, ՀՀ առողջապահության նախարարությանը:

Անուշ Էվոյան
Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 60 645295 -191(ներքին համար)
Էլ-փոստ՝ info_alaverdi@aarhus.am