1,664 view
Կավելացվեն արդյո՞ք համայնքերին հատկացվող բնապահպանական սուբվենցիաները

31.07.2015

Yerevan_31_07Հուլիսի 31-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացան հանրային լսումներ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները հաստատելու մասին» (INDC)փաստաթղթի նախագծի վերաբերյալ: Այն շահագրգիռ կողմերին ներկայացրեց Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: Նա իր խոսքում նշեց, որ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմ երկրները մշակում են իրենց Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները, որպեսզի 2020թ-ից հետո միասնաբար գան ջերմոցային գազերի գումարային արտանետումների այնպիսի քանակական ցուցանիշի, որը կապահովի գլոբալ ջերմաստիճանի բարձրացման սահմանափակումը ոչ ավել, քան 2, կամ 1.5 աստիճանով (ըստ Ցելսուսի սանդղակի):

Արամ Գաբրիելյանը հավելեց նաև, որ կլիմայի փոփոխության մեղմման գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական ու տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն ՀՀ-ի սոցիալ-տնտեսական զարգացմանը` հիմքում ունենալով էկոհամակարգային մոտեցումը:

Խոսելով կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների մասին` բանախոսը նշեց դրանք իրականացնելու ֆինանսական մեխանիզմները, որոնցից հատկապես կարևորեց «Կլիմայի փոփոխության քաղաքացիական շրջանառու հիմնադրամի» ստեղծման հնարավորությունը: Այս հիմնադրամը կարող է ձևավորվել բնապահպանական և բնօգտագործման վճարներից: Այժմ միայն բնապահպանական վճարներից կատարվում են մասհանումներ` համայնքներին հատկացնելով սուբվենցիաներ բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով:

Անդրադառնալով «Քաղաքացիական շրջանառու հիմնադրամի» ստեղծման գաղափարին, որպես ֆինանսական արդյունավետ մեխանիզմ, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը հարց բարձրացրեց այն մասին, որ դեռ 2013թ. ՀՀ Կառավարությունը շրջանառության մեջ էր դրել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի ոչ միայն պետք է ավելացվեին մասհանումները, այլև մասհանումներ կատարվեին նաև բնօգտագործման վճարներից, սակայն այն ժամանակ նախագիծը մերժվել էր: Այժմ նախագիծը կրկին շրջանառության մեջ է դրված, ինչը հույս է տալիս, որ համայնքները կունենան իրենց կարողությունները զարգացնելու լրացուցիչ հնարավորություն: Համակարգողը նշեց, որ նախօրեին` հուլիսի 30-ին, Օրհուս կենտրոնները նամակ-առաջարկ են ուղղել ՀՀ բնապահպանության նախարարին` ողջունելով նախարարության նախաձեռնությունը, միաժամանակ առաջարկել են, որպեսզի մասհանումներ ստանան բոլոր համայնքերը, քանի որ Հայաստանի ընդերքը ազգային հարստություն է և մեր ժողովրդի սեփականությունը: Նա առաջարկեց, որ լայն իրազեկում անցկացվի ՀՀ բնակչության շրջանում «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որպեսզի համայնքները տեղեկանան բնապահպանական և բնօգտագործման վճարներից մասհանումների ստացման նման հնարավորության մասին, հետամուտ լինեն, որ իրենց համայնքներն էլ ստանան այդ գումարները` բնապահպանական տարաբնույթ խնդիրների լուծման համար:

Երևանի Օրհուս կենտրոնի համակարգողի բարձրացրած հարցին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանը նշեց, որ բնապահպանության նախարությունը շահագրգռված է, որպեսզի ավելանան համայնքների մասհանումները և պետք է հետամուտ լինեն, որպեսզի ՀՀ Կառավարությունն ընդունի նախարարության կողմից առաջարկված նախագիծը: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանն էլ Օրհուս կենտրոնների համակարգողներին խորհուրդ տվեց իրենց դիրքորոշման մասին հայտնել նաև Ֆինանսների նախարարություն, քանի որ Ֆինանսների նախարարությունը հերթական անգամ մերժել է նախագիծը: Նա նաև կարևորեց Օրհուս կենտրոնների դերը նախագծի մասին լայն իրազեկման գործում:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. /374 11/ 81 85 93
e-mail: info@aarhus.am, silvaa@list.ru