9,603 view
Մասնագիտական կարծիք «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրի օգտագործման վերաբերյալ

11.08.2015

pordzageti ankyun_11_08Վերլուծելով բազմաթիվ հարցումների պատասխաններ և շրջակա միջավայրի վրա ազդեցության 3 փորձաքննական եզրակացություններ, կարելի անել հետևյալ հետևությունները.

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության 20.03.2007թ. հ. ԲՓ-31 փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ Շամլուղի պղինձ-կոլչեդանային հանքավայրը գտնվում է Շամլուղ գյուղի մոտակայքում` Բենդիկ գյուղից` 3կմ, Վերին Ախթալա գյուղից` 5կմ, Ախթալա երկաթուղային կայանից` 7կմ և Ալավերդի քաղաքից` 28կմ հեռավորության վրա, իսկ դրանց այգիները և արոտավայրերը` ավելի մոտ: Նշված հանքի գործարկման հետևանքով ախտոտվում են գյուղերի հողերը, ջրերը և մթնոլորտային օդը, այդ տարածքում արտադրված գյուղմթերքը: Այսպես, 16.01.2013թ. փորձաքննական եզրակացության մեջ նշված է. «Մթնոլորտ անտահետվող` վտանգավորության 2-3-րդ դասին պատկանող վնասակար նյութերի տարեկան քանակները (պայթեցման արտանետումները ներառյալ) կազմում են 766.1 տ/տարի, որից 51.74 տ/տարի` պայթեցման աշխատանքներից»: Այն դեպքում, երբ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն արգելվում է բնակավայրերում հանքակույտերի, լցակույտերի տեղադրումը, մթնոլորտային օդը փոշով, վնասակար նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը:
Փորձաքննությանը ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումները, բացառությամբ, որ նախատեսվում է ունենալ ջրցան մեքենաներ՝ օգտագործելով 0.5լ ջուր 1քմ տարածքի վրա: Ակնհայտ է, որ այդ քանակության ջրով հնարավոր չէ կանխել օդի աղտոտումը փոշով և ծանր մետաղներ ու թունավոր նյութեր պարունակող փոշին նստում է արոտավայրերի և այգիների վրա, ինչով վնասական ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա: Բոլոր փորձաքննությունների ընթացքում ընդհանրապես չի գնահատվել այս հանգամանքը և առաջարկություններ չի արվել աղտոտւմը վերացնելու համար:

pordzageti ankyun_11_08_12. ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսները ենթակա են պահպանության:
Ջրային ռեսուրսի պահպանության հիմնական պահանջներն են՝
2) ջրային ռեսուրսն էկոհամակարգերի և բնական լանդշաֆտների բաղկացուցիչ մասն է, և դրա պահպանությունը պայմանավորված է տվյալ էկոհամակարգի հավասարակշռությամբ.
3) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության ինչպես օգտագործման, այնպես էլ չօգտագործման դեպքերում.
6) ջրային ռեսուրսը ենթակա է պահպանության աղտոտումից, աղտոտումից, վարակումից և հյուծումից.
7) կեղտաջրերի արտահոսքը ջրային ռեսուրս թույլատրվում է միայն սույն օրենսգրքի պահանջների համաձայն՝ արտահոսքի թույլտվության առկայության դեպքում.
8) ջրային ռեսուրսի ակվատորիայի կամ ջրապահպան գոտու տարածքում արգելվում է կատարել որևէ տեսակի աշխատանք, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
9) ստորերկրյա ջրերի պահպանման գոտիներում սահմանափակվում կամ արգելվում են գործունեության որոշակի տեսակներ (ներառյալ՝ հողերի ոռոգումը կեղտաջրերով)՝ լուծիչներ կամ քիմիկատներ արտադրող, օգտագործող կամ պահող արդյունաբերական կամ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, տնտեսական գործունեության ընթացքում առաջացող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, այլ արտադրանքների և մթերքների մնացորդների աղբանոցների տեղադրումը.
10) հետախուզական, օգտագործման համար ոչ պիտանի, ճնշումային, ընդհատված օգտագործմամբ հորատանցքերը ենթակա են կոնսերվացման կամ վերացման.
11) արգելվում է ռադիոակտիվ և թունավոր թափոնների արտանետումը, արտահոսքը և թաղումը ջրային ռեսուրսում, ինչպես նաև պայթեցման աշխատանքների իրականացումը միջուկային և այլ տիպի տեխնոլոգիաներով, որոնք ընթանում են ռադիոակտիվ և թունավոր նյութերի արտանետմամբ»:
Փաստորեն ՀՀ Ջրային օրենսգրքի նշված հոդվածի դրույթները ամբողջությամբ խախտվել են, քանի որ մթնոլորտային տեղումների և լցակույտային տարածք թափվող ջրհոսքեր արդյունքում լվացվում են թունավոր նյութերը և ծանր մետաղները և ջրատար առվով թափվում են Դեբեդ գետը, ինչպես նաև աղտոտում են ստորգետնյա ջրային ավազանը: Դա հիմնավորվում է նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության 23.03.2015թ. գրությամբ, որտեղ նշված է, «20.03.2015թ. ժ.14:15-ին մեր կողմից հայտնաբերվել է պոչանքի արտահոսք Դեբեդ գետը, որի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզային բնապահպանական տեսչությանը և «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի տնօրինությանը` համապատասխան միջոցնեչ ձեռնարկելու, արտահոսքը դադարեցնելու նպատակով»: Հանքավայրի փորձաքննական եզրակացություններում էլ է նշված, որ «մթնոլորտային տեղումներ մի մասը հեռանում է ինքնահոս կերպով, մյուս մասն էլ հատակի ճաքերի և դատարկությունների միջոցով, թափվելով նախկինում լքված ստորգետյան փորվածքները, բովանցքի առվի միջոցով դուրս է գալիս երկիր մակերևույթ և հոսում»:

Միաժամանակ նշված է, որ «բացահանքի կողերի ջրհավաքներից, ինչպես նաև լցակույտային տնտեսությոն թափվող ջրհավաք ձորից ջրհոսքերի հեռացումը կատարվում է լեռնային ջրատար առվի միջոցով» (16.01.2013թ. փորձաքննական եզրակացություն): Իսկ արդյո՞ք տվյալ դեպքում առկա է արտահոսքերի թույլտվություն ընդհանրապես նշված չէ: Հետևաբար կարելի ենթադրել, որ այն բացակայում է:

3. «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից թույլ են տրվել նաև ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի նորմերի խախտում, մասնավորապես 59-րդ հոդ. 3-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերի խախտումներ, այն վերջինիս կողմից չի ապահովել օգտական հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը և չի վարվել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյան, ինչի համար ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Ընդերքի պետական տեսչության կողմից 2013թ. վարչական տուգանք է նշանակվել 100000 դրամի չափով (տես` http://minenergy.am/page/482 կայքում): 2015թ. նույն տեսչության կողմից ստուգումներ են անցկացվել, սակայն արդյունքների մասին տեղեկատվությունը չի տրամադրվել մեզ:

4. Փորձաքննական եզկացություններում չի գնահատված, արդյոք նախորդ եզրակացության փորձաքննական պահանջները կատարվել են, թե ոչ: Չի գնահատված, թե ինչու չի կատարվել ռեկուլտիվացիա, այն տարածքների վրա, որոնք չեն օգտագործվելու հանքարդյունահանման նպատակով: Միայն 16.01.2013թ. եզրակացության մեջ նշված է, որ ռեկուլտիվացման համար պետք է «մշակվի առանձին նախագիծ» առանց նշելու ժամկետները: Հաշվի չեն առնվել «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից թույլ տրված ՀՀ օրենսդրության խախտումները, որոնց համար վարչական տույժեր է նշանակվել:

5. Խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 33.2-րդ հոդվածը, որտեղ սահմանված է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում»:

Ինչպես նաև խախտվել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի նորմը, որի համաձայն պետությունը պարտավոր է ապահովել «շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»: Իսկ պետության կողմից իր սեփականության իրավունքի իրականացումը ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն «չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը»: Այս պարագայում նոր պոչամբարի գործարկման թույլտվություն տալը ոչ իրավաչափ է և անընդունելի:

ԵԱՀԿ բնապահպանական փորձագետ,
Էկոլոգ-իրավաբան`
Ն.Վարդանյան