6,341 view

Էքսկուրսիա դեպի Սոսիների պուրակ

10.08.2015
2015թ. օգոստոսի 8-ին «Հայաստանի բուսական կենսաբազմազանությունը, բուսաբանական հետազոտությունների մեթոդիկա, Հայաստանի կարևոր բուսաբանական տարածքները, Կապանի մոտակայքում հանդիպող հազվագյուտ բուսատեսակները և բուսական համակեցությունները, բուսաբանական օբյեկտների պահպանությունը և Կարմիր գիրքը, Հայաստանի ուշագրավ ծառերը» թեմայով ծրագրի շրջանակներում կազմակերպվեց արշավ «Սոսիների պուրակ»: Արշավի առաջին կանգառը «Շիկահող» պետարգելոցի վարչական շենքն էր, որը վերանորոգվել է և կահավորվել «Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային

կոմբինատ»-ի կողմից: Միջոցառումների սենյակում կազմակերպվեց դասընթաց «Շիկահող» պետարգելոցի բուսական և կենդանական աշխարհը թեմայով: «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի գիտական բաժնի առաջատար մասնագետ Դավիթ Հակոբյանը ներկայացրեց հատուկ պահպանվող տարածքների դերը, նշանակությունը, Սյունիքի մարզի հատուկ պահպանվող տարածքները, դրանց ռեժիմը, ապա՝ էնդեմիկ բուսատեսակները և ծառատեսակները: Կենդանական աշխարհը մասնակիցներին ներկայացրեց «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի գիտական բաժնի առաջատար մասնագետ, կենդանաբան Հարութ Աղաթելյանը: Մասնակիցներին հետաքրքրեց կենդանիների, սողունների առկայությունը և դրանց վարքագիծը: Այնուհետև ցուցադրվեցին լուսանկարները:

Արշավի հաջորդ կանգառը ճամփեզրի սարի վրա էր, որտեղից լավ երևում էր Մթանձորը և Սոսիների պուրակը: Դավիթ Հակոբյանը հանգամանալից ներկայացրեց Մթանձորը. այն «Շիկահող» պետարգելոցի ամենապահպանված, ամենահարուստ կենսաբազմազանությամբ, մարդու միջամտությունից գրեթե զերծ կուսական անտառ է: Կան կաղնու արժեքավոր տեսակներ, ապրելավայր է Կարմիր գրքում ընդգրկված բեզուարյան այծի և առաջավոր ասիական ընձառյուծի համար: Հայտնի է նաև որպես միջնադարյան գյուղատեղի, որտեղ պահպանվել են եկեղեցու ավերակները:

Վերջին կանգառը Սոսիների պուրակն էր: Արգելավայրը հիմվել է 1958թ., Ծավ գետի հովտում և զբաղեցնում է 64.2հա տարածք: Այն ձգվում է 12կմ, 50-150մ լայնությամբ: Պահպանության հիմնական օբյեկտն է արևելյան սոսենին, որը հնագույն ծառատեսակ է, ունի շատ արժեքավոր բնափայտ, երկարակյաց է, ապրում է մինչև 2000տարի, բարձրությունը հասնում է 33-35մ:

Միջոցառման մասնակիցները եղան «Շիկահող» պետարգելոցի տնկարանում, որտեղ աճեցվում են տարբեր տեսակի ծառատեսակներ: Տասնյակ հազարավոր սոսիներ և այլ ծառատեսակներ մատակարարվում է Հայաստանի տարբեր շրջաններ ծառատունկի նպատակով: Մասնակիցները լուսանկարվեցին երկու ուշագրավ ծառատեսակների մոտ, որոնց տրամագիծը ստորին մասում 3մ-ից ավելի է:

Չափազանց դիտարժան և հետաքրքիր դասընթացի համար կենտրոնի համակարգողը և աշակերտները հայտնեցին իրենց երախտագիտությունը, իսկ աշակերտները խոստացան սիրել ու պահպանել հայրենի բնությունը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru
Խմբագիր՝ Մարի Չաքրյան