4,934 view
Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալությունը Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակներում կհամագործակցի Եղվարդի Օրհուս կենտրոնի հետ
10.08.2015
Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) ֆինանսավորմամբ ՀՀ ջրային ոլորտում իրականացվում է «Եղվարդի ջրամբարի Տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ» ծրագիրը, որի նպատակն է տնտեսագիտական և տեխնիկական գնահատականներ տալ ու հիմնավորել Եղվարդի ջրամբարի կառուցման նպատակահարմարությունն ու արդյունավետությունը:
Օգոստոսի 7-ին Եղվարդի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության ներկայացուցիչների, Եղվարդի փոխքաղաքապետի, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի

գյուղատնտեսության և բնապահպանության գլխավոր մասնագետի, Օրհուս կենտրոնի համակարգողների մասնակցությամբ: Նպատակը ծրագրի նախագծի ներկայացումն էր, ներկայումս իրականացվող հետազոտական աշխատանքների և արդյունքների ծանոթացումը, ծրագրի հետագա քայլերի և համագործակցության հարցերի քննարկումը։

Հանդիպման սկզբում կենտրոնի համակարգողը ներկայացրեց Հայաստանի Օրհուս կենտրոնների, մասնավորապես Եղվարդի կենտրոնի գործունեության մասին։ Այնուհետև ՃՄՀԳ ներկայացուցիչ Այումի Շիգան տեղեկացրեց, որ 2012թ. Հայաստանի կառավարությունը դիմել է Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալությանը ծրագրին աջակցելու համար, ներկայումս իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ պարզելու արդյոք ծրագիրն իրագործելի է, թե՝ ոչ։ Ներկայումս իրականացվում են տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ՝ ներառյալ ՇՄԱԳ հետազոտություն, հաշվետվության կազմում։ Նախատեսվում է իրականացնել ՇՄԱԳ ոչ միայն ջրամբարի անմիջական, այլև ազդեցություն կրող հարակից տարածքների համար։ Այս ընթացքում նախատեսված ջրամբարի տարածքից հողի նմուշառում է իրականանցվում` ստուգելու հողի ֆիլտրացիան, ինչպես նաև թռչող անօդաչու սարքի միջոցով ուսումնասիրվում է տարածքի գեոդեզիական իրավիճակը: Այումին նշեց, որ տեխնիկատնտեսական հիմնավորումից հետո, որը տևելու է շուրջ մեկ տարի, մինչև 2016թ․ մայիս, կկազմվի մանրամասն նախագիծ ջրամբարի կառուցման համար, որին կհաջորդի ջրմաբարի կառուցումը՝ երկու մուտքային և երկու ելքային ջրանցքներով։

Եղվարդի փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը հարց բարձրացրեց, թե ջրամբարի կառուցումը ինչպիսի ազդեցութուն կունենա շրջակա միջավայրի վրա՝ կապված բնակլիմայական պայմանների, օդի խոնավության և այլ հարցերի հետ։ Ներկայացուցիչը նշեց, որ դեռ ծրագիրը նախագծման փուլում է և դեռևս հստակ մանրամասն տեղեկատվություն չեն կարող տրամադրել հավանական փոփոխությունների հետ կապված, այդ հարցը ավելի պարզ կլինի ուսումնասիրություններից և ՇՄԱԳ-ի իրականացումից հետո: Տեղեկացրեց միայն, որ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերվել խորհրդատուի հետ, որը իրականացնելու և պատրաստելու է ՇՄԱԳ հաշվետվություն։

Ծրագրի վերաբերյալ քննարկումից հետո ներկաները խոսեցին համագործակցության մասին: Նրանք շնորհակալություն հայտնեցին հանդիպման կազմակերպման և աջակցության համար՝ նշելով, որ այսուհետ կհամագործակցեն ջրամբարի կառուցման ծրագրի հետ կապված բոլոր հարցերում, հատկապես ՇՄԱԳ-ի իրականացման փուլում: Որոշվեց մոտակա ժամանակում հանդիպում կազմակերպել ՃՄՀԳ Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի ինժիներների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ՝ նախագծի մանրամասն, մասնագիտական ներկայացման և քննարկման համար:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933
Էլ-փոստ՝ ruzannamanyan@gmailcom
Խմբագիր՝ Մարի Չաքրյան