5,368 view
Երկարատև սպասված արդյունք ՄԱԶԾ-ԳԷՀ, ԵԱՀԿ, Կապանի Օրհուս կենտրոնի և Սյունիքի մարզպետարանի համատեղ գործողությունների շնորհիվ
09.08.2015
Վերջապես Սյունիքում վերականգնվեց և վերագործարկվեց «Մայր առու» ջրագիծը, որը հնարավորություն կտա դադարեցնել Սյունիք համայանքում Արծվանիկի պոչամբարից արտահոսող ջրերով գյուղատնտեսական հողերի ոռոգումը:
Ջրանցքը վերականգնվել է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշներհների ծրագրի և Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ, որի արդյունքում վերանորոգվել է նախկինում կառուցված, սակայն չգործող ջրանցքը: Վերականգնվել է 4,000 մ երկարությամբ ոռոգման ջրանցք, որը Նորաշենիկ գետից ոռոգման ջուր կտրամադրի Աճանան և Սյունիք համայնքներին, կանխվել է մոտ 30 հեկտար հողերի հետագա աղտոտումը Արծվանիկ պոչամբարից եկող ջրերից, ապահովվել է բավականաչափ քանակության ջուր՝ երկու համայքներում լրացուցիչ 70 հա ոռոգելու
համար, հետևապես նաև լրացուցիչ եկամուտ շահառու համայքների մոտ 160 ընտանիքների համար: Բացի այդ բարձրացել է հանրային իրազեկվածությունը գլոբալ բնապահպանական հարցերի վերաբերյալ: ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշներհների ծրագիրը տրամադրել է 50,000 ԱՄՆ դոլար ջրանցքի վերանորոգման աշխատանքները իրականացնելու և տեխնիկական և նախագծային աշխատանքները վերահսկելու համար: Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակը մոտ 15,000 եվրո է տրամադրել ծրագրի մշակման, գործընկերների ներգրավման և տեղում ծրագրի մոնիտորինգը իրակացնելու համար: Ծրագիրը իրականացվել է «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամ»-ի կողմից:Սյունիքի մարզպետի նախաձեռնությամբ, 2015թ. օգոստոսի 5-ին աշխատանքային խումբը փոխմարզպետ Վարդան Դավթյանի գլխավորությամբ այցելեց վերականգնված ջրանցքը, որով հոսում էր արդեն մաքուր ջուր, սակայն Սյունիք համայնքը ջրանցքին միացրել էր «ԶՊՄԿ» պոչամբարի ջրերով աղտոտված գետակի ջրերը` պատճառաբանելով այն ջրի սակավությամբ:

Փոխմարզպետի հետ այցելեցինք նաև Սյունիք համայնք` Կապանի Օրհուս կենտրոնի կողմից բարձրացված կոյուղաջրերի արտահոսքը ուսումնասիրելու համար: Այնուհետև աշխատանքային խումբը Կապանի Օրհուս կենտրոնում ունեցավ ուսումնասիրված հարցերի քննարկում:

Փոխմարզպետ Վարդան Դավթյանը նշեց, որ պետք է անհապաղ դադարեցվի աղտոտված ջրերի մուտքը ոռոգման ջրանցք և մարզպետարանի աջակցությունը հայտնեց «ԶՊՄԿ»-ի հետ քննարկելու համար պոչամբարի թունելներից եկող մաքուր գրունտային ջրերը ջրանցքին միացնելու, իսկ Կապանի ՋՕ-ի հետ` ջրի սակավության դեպքում մատակարարվող ջրի քանակը ավելացնելու հարցերը: Նա հորդորեց Սյունիքի գյուղապետին պատրաստել հողատարածությունների ոռոգման գրաֆիկ մինչև օգոստոսի 10-ը և առաջարկեց ԵԱՀԿ-ին և գործընկեր ՀԿ-ին մասնակցել քննարկմանը և աջակցություն տրամադրել համայնքին ոռոգման գրաֆիկի պատրաստման հարցում: Խնդիրը դրվել է այնպես, որ գյուղացիները պետք է համոզված լինեն, որ ունենալու են անհրաժեշտ քանակությամբ (ըստ ոռոգման նորմերի) մաքուր ջուր, և ջրօգտագործման կառավարման գործընթացը պետք լինի խիստ վերահսկելի: Փոխմարզպետի կողմից հանձնարարական է տրվել նաև շտապ ավարտել ջրանցքի սեփականության իրավունքի գրանցումը համապատասխան մարմինների կողմից՝ որպես երկու համայնքների սեփականություն:

Օրհուս կենտրոնի համակարգողի կողմից առաջարկվեց իրականացնել Ողջի գետի ջրի լրացուցիչ լաբորատոր հետազոտություն` ոռոգման նպատակով ջրի օգտագործելիությունը պարզելու համար, քանի որ գետի նիշը բարձր է ոռոգվող տարածքներից և այն նույնպես կարող է օգտագործվել ոռոգման նպատակով: Նա առաջարկեց նաև անել հնարավորը Կապան քաղաքի հատվածում Ողջի գետը ցանկացած տեխնիկական աղտոտումից զերծ պահելու համար:

Նշենք, որ խնդիրը բարձրացվել է դեռ 2007թ., երբ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվեց Կապան քաղաքի մերձակա տարածքների մակերևութային ջրերի և հողերի աղտոտման մոնիտորինգ, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի և մշակաբույսերի էկոտոքսիկոլոգիական գնահատում (նյութերը կցվում են), որտեղ հստակ նշվեց մեծ թվով բանջարանաբոստանային կուլտուրաների օգտագործման վտանգավորությունը:

Այնուհետև այն բազմիցս բարձրացվել է Կապանի Օրհուս կենտրոնի կողմից: 2012թ. հուլիսի 17-ին կենտրոնի համակարգողի կողմից մշակվել է ջրանցքի վերականգման նախագիծ և խնդիրը համառոտ ներկայացվել է «ԶՊՄԿ» –ին: Սակայն ֆինանսավորում ստանալ չի հաջողվել:

Նշենք, որ Սեպտեմբերին Սյունիք կայցելի ԵԱՀԿ-ի հողերի մաքրման փորձագետը, ով կօգնի գնահատել հողերի աղտոտվածության մակարդակը և կառաջարկի հողերի մաքրման և կամ արդյունավետ կառավարման լուծումներ, որոնք կնվազեցնեն հողերի մեջ գտնվող մետաղների կլանումը բույսերի կողմից: Այնուհետև, ԵԱՀԿ-ն կաջակցի ֆինանսավորման հայթայթման հարցում, որպեսզի լուծում ստանա նաև այս խնդիրը:

ԱշոտԱվագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru