3,379 view

Սևանա լճում ցանցավանդակների տեղադրումը մոնիտորինգային հանձնաժողովի որոշումից է կախված

07.08.2015
Կարճաղբյուրում մինչև տարեվերջ կմեկնարկի իշխան ձկան վերամշակման գործարանի կառուցումը, այս մասին պարզ դարձավ Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի ունեցած ձկան վերամշակման գործարանի և Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ:Լսումներին մասնակցում էին Կարճաղբյուր գյուղի մի քանի բնակիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Կարճաղբյուրի գյուղապետարանի, ԶԼՄ ներկայացուցիչներ,

Գավառի Օրհուս կենտրոնի, ՏԶՀԿ ՀԿ-ի և «ՍՈՍ Սևան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներ:

Քննարկման առաջին փուլում խոսվեց վերամշակման գործարանի կազմակերպման նախագծային առաջարկվող լուծումների, գործարանի գործարկման պարագայում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների նվազեցման հարցերի մասին:

«Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդվարդ Գևորգյանի հավաստմամբ` եվրոպական ստանդարտներին համապատասխան վերամշակման գործարանում տարեկան 6000 տոննա ձկնամթերքի արտադրություն է ենթադրվում: Արտադրվելու են իշխան ձկան կիսապատրաստուկներ, պահածոներ: Թափոններ չեն լինելու, փոխարենը՝ վերամշակման հումքից պատրաստվելու են ձկան ալյուր և յուղ: Նախատեսված է արտադրանքը իրացնել նաև հանրապետության սահմաններից դուրս:

Հանրային լսման 2 -րդ փուլում քննարկվեցին Սևանա լճում տեղակայվող ցանցավանդակային տնտեսություններին վերաբերող հարցեր: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի տնօրեն Արշակ Աղաջանյանը նշեց, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում նախատեսվում է գործարանում աճեցված մանրաձկան մի մասը բաց թողնել Սևանա լիճ, մյուս մասը` լճում տեղակայված ցանցավանդակներ: Հաշվի առնելով Գավառի Օրհուս կենտրոնի միջոցով Գեղարքունիքի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունները, ինչպես նաև գիտնականների ու մասնագետների դիտողություններն ու առաջարկները՝ մինչև 2016թ. լճում ցանցավանդակները չեն տեղադրվի: «Սևանի իշխան» ՓԲԸ խորհրդի նախագահ Համբարձում Համբարձումյանի խոսքով ծրագրի հետագա քայլերը պարզ կդառնան մոնիտորինգի արդյունքների ամփոփումից հետո:

Էդվարդ Գևորգյանի խոսքով չկա Սևանա լճի մասին ոչ մի համալիր ուսումնասիրություն, որը կարող է հենք լինել նախատեսվող աշխատանքների մեկնարկի համար, ուստի ստեղծված մոտիտորինգային խմբի որոշումից է կախված ծրագրի ընթացքը: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգողի այն հարցին, թե, եթե մոնիտորինգային խումբն ուսումնասիրության արդյունքում պարզի, որ Սևանա լճում նման տեսակի գործունեություն չի թույլատրվում, ի՞նչ են անելու, արդյո՞ք արդեն ընթացքի մեջ գտնվող մանրաձկան գործարանը և նոր պլանավորվող վերամշակման գործարանները իրենց իմաստը չեն կորցնի, նախաձեռնողները պատասխանեցին, որ՝ ոչ, այդ դեպքում իրենք ձկան տեսակը կփոխեն, կամ կներկրեն, կամ կվերամշակեն երկրի այլ ձկնաբուծարանների արտադրանքը:

Հանրային լսումներին մասնակցող մասնագետների հավաստմամբ սա Սևանի իշխանի երբեմնի պաշարների վերականգնման խոշոր, հեռանկարային ու արդյունավետ ծրագիր է, որի շրջանակներում կուսումնասիրվեն ու փուլ առ փուլ կներդրվեն ձկան արտադրությունից մինչև սպառում ամբողջական շղթայի լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտները:

Քննարկման ավարտին Գավառի համակարգողը և ԶԼՄ ներկայացուցիչներն այցելեցին արդեն կառուցվող մանրաձկան գործարան, որի շինարարությունը կավարտվի ամենաուշը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 76 46 41
Էլ. փոստ՝ blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am