3,158 view

«Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ-6» դրամաշնորհային ծրագրի ռազմավարության ներկայացում Գավառում

05.08.2015
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի (ԾԻԳ) կողմից Գեղարքունիքի մարզի պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներին և հասարակական կազմակերպություններին ներկայացվեց Գեղարքունիքի մարզում «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (ԳԷՀ) կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի ընթացքը և «ԳԷՀ-6» դրամաշնորհային ծրագրի ռազմավարությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ԾԻԳ» պետական հիմնարկի կրթական ծրագրերի բաժնի պետ Ռուբիկ

Շահազիզյանը տեղեկացրեց, որ «ԳԷՀ-5» դրամաշնորհային ծրագրերի շրջանակում Գեղարքունիքի մարզում իրականացվել կամ ընթացքի մեջ է 6 բնապահպանական ծրագիր` միտված մեղվաբուծության, ձկնաբուծության, այգեգործության ոլորտներին, դեգրադացված անտառային տարածքների վերականգնմանը, արոտների կայուն օգտագործմանը, հասարակական լողափի ստեղծմանը:

«ԳԷՀ-6» դրամաշնորհային ծրագրի ռազմավարությունը ներկայացրեց ՀՀ ԲՆ «Բնապահպանական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը: ՀԿ-ներին ու անհատներին նա առաջարկեց մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ԾԻԳ» ներկայացնել դրամաշնորհային ծրագրերի ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև մասնակցության հայտեր: Նրա խոսքով կարող են ներկայացվել նաև գլոբալ նշանակության ծրագրերի մասնակցության հայտեր, որոնք, առաջարկությունների հետ մեկտեղ, կներկայացվեն ԳԷՀ-ի տնօրինության ուշադրությանը: «Դրամաշնորհները ոչ քիչ գումարներ են կազմում, որոնք նպատակային օգտագործելու դեպքում բնապահպանական բազմապիսի հարցեր միասին կկարողանանք լուծել»-նշեց Սամվել Բալոյանը:

Թե ինչքանով են արդյունավետ և մասնակցային այդ ծրագրերը, նաև արդեն ավարտված ծրագրերի մոնիտորինգի արդյունքներին վերաբերող Օրհուս կենտրոնի համակարգողի հարցին Սամվել Բալոյանը պատասխանեց, որ ծրագրերից շատերը դեռ ընթացքի մեջ են: ԲՆ նույն ԾԻԳ-ի կողմից ոչ վաղ անցյալում իրականացված «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր»-ի չհաջողված փորձը մեջբերելով` համակարգողը հարցրեց, թե արդյոք մարզում իրականացված բնապահպանական ծրագրերի ճակատագրերն էլ են նույնը լինելու: Պարոն Բալոյանը տեղեկացրեց, որ ծրագրի ավարտից հետո իրենք իրավասություն չունեն ստուգելու, թե իրենց արածն ինչքանով է պահպանվել` ավելացնելով, որ նաև բնակչության մեղքով է եղել, որ ստեղծվածը չի պահպանվել:

Քննարկման արդյունքում մասնակիցները եկան այն համոզման, որ եթե բոլոր ծրագրերը լինեն մասնակցային և թափանցիկ, նման խնդիրներ չեն առաջանա:

Միջոցառման անցկացմանն աջակցել էին Գեղարքունիքի մարզպետարանը և Գավառի Օրհուս կենտրոնը` տեղեկատվություն տարածելով և ապահովելով ՀԿ սեկտորի մասնակցությունը:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 76 46 41
Էլ. փոստ՝ blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am