6,258 view
Օրհուսի կոնվենցիայի իրազեկման միջոցառում Արաքսավան և Փոքր Վեդի համայնքներում

30.07.2015

Ararat_30_07Հուլիսի 28-ին Արարատ քաղաքի Օրհուս կենտրոնի hամակարգողը և կենտրոնի կամավորները Օրհուսի կոնվենցիան, մարզի բնապահպանական խնդիրները ներկայացնելու, դրանց լուծման հնարավոր ուղիները պարզաբանելու նպատակով այցելեցին Արարատի մարզի Արաքսավան և Փոքր Վեդի համայնքներ: ՏԻՄ և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց համար անցկացրեցին իրազեկման միջոցառում Օրհուսի կոնվենցիայով և ազգային օրենսդրությամբ իրենց պարտավորությունների, ինչպես նաև համայնքների առջև ծառացած բնապահպանական խնդիրները լուծելու ազգային օրենսդրության ընձեռած հնարավորությունների մասին: Ներկայացվող նյութն առավել մատչելի դարձնելու նպատակով ուղեկցվեց շնորհանդեսով:

Ararat_30_07_1Արաքսավան համայնքի բնակիչների, ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկվեցին համայնքային կարևորագույն խնդիրները: Բնակիչները դժգոհեցին խմելու ջրի մատակարարումից, հստակ ժամանակացույցի բացակայությունից ու որակից, ոռոգման ջրի սակավությունից: Բերվեցին առկա խնդրի առաջացման մասին խոսող փաստեր, այն է` տարածքում գործող ձկնաբուծարանների առկայությունը, որոնք օգտագործում էին տվյալ տարածքի ստորգետնյա հորերի ջրային պաշարները, ինչի պատճառով անջրդի էին մնում համայնքի գյուղնշանակության հողերը:

Մյուս՝ Փոքր Վեդին համայնքի բնապահպանական խնդիրներն էլ պակաս չէին. Կրկին խմելու և ոռոգման ջուր, կոյուղի, աղակալված հողեր: Համայնքի ներկայացուցիչները ցավով խոսեցին ջրի խնդրի մասին, ներկայացրեցին, որ բազմիցս դիմել են ջուր մատակարարող ընկերությանը ու համապատասխան այլ կառույցներին, սակայն խնդիրը շարունակում է մնալ «օդից կախված»:

Ararat_30_07_3Երկու համայնքում էլ Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Համայնքներից և ոչ մեկն ընդգրկված չէ ազդակիր համայնքների ցանկում: Նշվեց, որ համայնքները ևս պետք է պահանջատեր լինեն, առավել ևս օրենքի փոփոխության դեպքում, երբ մասհանումներ են նախատեսված նաև բնօգտագործման վճարներից, և պետք է հետևողական լինել, որ ազդակիր բոլոր համայնքներն ընդգրկվեն ցանկում և մասհանումներ ստանան ձեռնարկությունների կողմից վճարվող բնապահպանական ու բնօգտագործման վճարներից:

Հռիփսիմե Սարգսյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ-փոստ` info_ararat@aarhus.am