9,796 view

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԹՈւՅՆ Է

27.07.2015

Արցախ, թթենու այգում www.minagro.nkr.am

Արցախ, թթենու այգում
www.minagro.nkr.am

Գյուղատնտեսությունում օգտագործվում են բազմաթիվ թունանյութեր, որոնց տեսականին կազմում է մի քանի հարյուր միացություններ՝ հազարից ավել պատրաստուկային ձևերով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ըստ տոքսիկության աստիճանի թունաքիմիկատները դասակարգում է չորս խմբի.• Խիստ թունավոր – ՄՆ50 – 5-40 մգ/կգ
• Ուժեղ – ՄՆ50 – 50-400 մգ/կգ
• Միջին – ՄՆ50 – 500-4000 մգ/կգ
• Թույլ – ՄՆ50 4000 մգ/կգ-ից ավել:
(ՄՆ50-Մնացորդային նորմայի 50 տոկոսը)

Թունանյութերի օգտագործման նպատակը արդյունավետությունն է`անվտանգության առավել ապահովմամբ: Թունանյութերի օգտագործումը չպետք է վնասի մարդկանց և շրջակա միջավայրին, հետևաբար դրանց հետ կապված աշխատանքները պետք է կանոնակարգել հաշվի առնելով՝ նախ և առաջ թունանյութերի օգտագործման պատճառների հիմնավորումը և թունանյութերի անվտանգ մշակման և օգտագործման մանրամասն նկարագրությունը:

Հարկ է, որ ֆերմերները կարողանան մասնագիտորեն հիմնավոր և հստակ ձևակերպված որոշում կայացնել թունանյութերի օգտագործման վերաբերյալ: Ուստի հարկ է համապատասխան տեղեկատվություն հասցնել նրանց՝ վնասատուների դեմ պայքարն առավել արդյունավետ և անվտանգ կազմակերպելու, թունանյութերի օգտագործման ազգային օրենսդրության պահանջների և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ:

Թունանյութերի տեղափոխման, պահպանության, օգտագործման, սպասման ժամկետների խախտումները հանգեցնում են բացասական ազդեցության մարդկանց առողջության և բնության նկատմամբ: Այդ ազդեցությանն առաջին հերթին ենթակա են հողօգտագործողները, ֆերմերները և նրանց ընտանիքի անդամները:

Հայաստանում նախկինում գործող գյուղական տնտեսություններում առաջնահերթ կարևորվում էր բերքի առավելագույն ծավալների ապահովումը՝ կանխելով արտադրանքի որակի վատացումը, իսկ բնապահպանական կայունության և անվտանգության խնդիրները դիտարկվում էին վերջում: Այնուհետև տնտեսական կապերի խզման պատճառով Հայաստանում ստեղծված շուկայում իրացվել են ժամկետանց և անորակ, չհավաստագրված նյութերի մեծ քանակներ:
pordz.1Մասնագետներն ահազանգում են, որ այսօր էլ ՀՀ ֆերմերային տնտեսություննրում վնասատուների դեմ պայքարի միջոցների գործադրման փորձը մխիթարական չէ – թունանյութերը հիմնավորված և անվտանգության կանոններին համապատախան են օգտագործվում հատ ու կենտ դեպքերում, խոշոր տնտեսություններում: Թունանյութերի տեղափոխման, պահպանության,վաճառքի, օգտագործման անվտանգության կանոները մեծ մասամբ չեն պահպանվում, որը պայմանավորված է մարդկանց անտեղյակությամբ ու պատասխանատվության բացակայությամբ:
Անցանկալի՝ աղետալի դեպքերից խուսափելու համար հարկ է խստորեն կատարել անվտանգության կանոները թունանյութերի պահպանման, տեղափոխման, օգտագործման ու սպասման ժամկետների վերաբերյալ և անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, որոնց պետք է ծանոթ լինի գյուղատնտեսությունում աշխատող յուրաքնանչյուր անձ:
pordz.21. Թունանյութերով աշխատող մարդիկ նախապես պետք է հրահանգավորվեն այդ նյութերի հետ վարվելու կանոների մասին, պարբերաբար բժշկական ստուգման ենթարկվեն, ապահովվեն անհրաժեշտ արտահագուստով, ռետինե ձեռնոցներով, ակնոցներով, համապատասխան շնչադիմակներով:
2. Թունանյութերի հետ որևէ շփումն արգելվում է 18 տարեկանից ցածր մարդկանց, հղի, կրծքով կերակրող կանանց և մարմնի բաց մակերեսի վրա վերք ունեցող մարդկանց:
3. Թունանյութեր ձեռք բերելիս անպայման հարկ է հաշվի առնել և պահպանման ժամկետը (ժամկետանց բազմաթիվ թունանյութեր անօգոտ են, բայց և՝ ավելի վտանգավոր են)
4. Թունանյութերով աշխատելու վայրում արգելվում է պահել սննդամթերք, ջուր, անասնակեր և ընտանեկան օգտագործման իրեր:
5. Թունանյութերով աշխատելու ժամանակ արգելվում է ալկոհոլի օգտագործումը:
6. Արգելվում է աշխատանքից հետո արտահագուստը տուն տանել:
7. Թունավորումից խուսափելու համար թունանյութերով աշխատելու ժամանակ հարկ է պահպանել անհատական անվտանգության կանոնները. – աշխատանքի ժամանակ ուտել, ծխել չի կարելի, պետք է ուտելուց առաջ արտահագուստը հանել, ձեռքերը և երեսը լվանալ, բերանը ողողել: Այդ ամենի համար հարկ է տեղում նախօրոք ապահովել ջուր, օճառ և սրբիչ:
8. Պտղատու ծառատեսակների և այլ մշակաբույսերի ծաղկելու ժամանակ թունանյութերի օգտագործումն արգելվում է:
9. Մեղուներին չվնասելու համար աշխատանքներն սկսելուց 4-5 օր առաջ հարկ է թունանյութերի օգտագործման վերաբերյալ տեղեկացնել հարևան հողատերերին և գյուղապետին՝ փեթակները տվյալ վայրից 5-6 կմ հեռացնելու կամ որոշ ընդմիջումներով արկանոցները փակ պահելու համար:
10. Թունանյութերը տեղափոխելիս արգելվում է թույների հետ փոխադրել սննդամթերք, անասնակեր կամ այլ ապրանքներ ու նյութեր:
11. Թունանյութեր բարձող ու դատարկող անձինք պետք է ապահովվեն անհրաժեշտ արտահագուստով:
12. Կողմնակի մարդկանց արգելվում է օգտվել թունանյութեր փոխադրող միջոցներից:
13. Փոխադրումներն ավարտելուց հետո փոխադրամիջոցները պետք է խնամքով մաքրել, լվանալ, անվտանգ դարձնել և հետո օգտագործել այլ նպատակով:
14. Թունանյութերի պահպանման համար անհրաժեշտ է ունենալ առանձին պահեստ՝ բնակելի տներից, սննդի օբյեկտներից և անասնապահական ֆերմաներից առնվազն 200 մ հեռավորության վրա:
15. Թունանյութերի պահպանման պահեստը պետք է լինի չոր, ընդարձակ, հարթ ասֆալտե կամ բետոնե հատակով:
16. Թունանյութերի պահպանման ջերմաստիճանը՝ 0 – 350 C:
17. Կտրականապես արգելվում է թունանյութերի տարան օգտագործել այլ նպատակով՝ սննդամթերք, անասնակեր, ջուր պահելու կամ փոխադրելու համար:
18. Սերմերի ախտահանումը պետք է կատարել բաց օդում, բնակելի շենքերից և ֆերմաներից հեռու:
19. Սերմերը թունանյութով հավասարաչափ ծածկելու համար անհրաժեշտ է ախտահանումը կատարել մեքենաների միջոցով՝ նվազեցնելով թունավորման հնարավորությունը:
20. Ախտահանված սերմերը պետք է մեքենայից դատարկել պարկերի մեջ:
21. Կտրականապես արգելվում է ախտահանված հատիկն օգտագործել իբրև սնունդ՝ մարդկանց, անասունների, թռչունների համար, անգամ՝ լվանալուց, օդափոխելուց և թունանյութերը հեռացնելուց հետո:
22. Ախտահանված սերմացու պարունակող պարկերի վրա պետք է գրել <ախտահանված է> և մինչև ցանելը պահել սննդամթերքից, անասնակերից առանձին:
23. Արգելվում է ախտահանված սերմացուն դաշտ փոխադրել վնասված տարայով կամ մեքենայի թափքի մեջ շաղ տված վիճակում:
24. Կողմնակի մարդկանց արգելվում է նստել սերմերով լցված պարկերի վրա կամ ճանապարհորդել այդ փոխադրամիջոցներով:
25. Թունայնութերով մշակված վայրերում արգելվում է բանջար հավաքել կամ անասուններ արածեցնել:
26. Թունանյութերով մշակաբույսերի մշակումը բարձր որակով կատարելու և մարդկանց թունավորման հնարավորությունը վերացնելու համար մշակումները պետք է կատարել սրսկիչ և փոշոտող մեքենաներով: Ամեն կերպ խուսափել ձեռքով քիմիական մշակում կատարելուց:
27. Թունանյութերով մշակված դաշտերում, այգիներում և այլ վայրերում պետք է ապահովել նախազգուշացնող հայտարարությունների առկայությունը:
28. Թունավոր աշխատանքային հեղուկներ և գրավչանյութեր պատրաստելու աշխատանքն ավարտելուց հետո հարկավոր է պատրաստման վայրն անվտանգ դարձնել՝ փորելու կամ վարելու միջոցով:
29. Թունանյութերն օգտագործել առավոտյան և երեկոյան հով ժամերին, քամու արագությունը 3-4 մ/վրկ. չգերազանցելու դեպքում:
30. Թունանյութերով մշակված դաշտերում և բազմամյա տնկարկներում անհրաժեշտ է խստորեն պահպանել տվյալ պատրաստուկի համար սահմանված սպասման ժամանակը՝ մշակումից հետո դաշտային աշխատանքներ կատարելու համար:

Թունանյութերը երկար ժամանակ վնասատուների դեմ պայքարի գլխավոր միջոցն էին: Նախկին ԽՍՀՄ-ում հետազոտություններ են կատարվել վնասատուների դեմ պայքարի կենսաբանական և մեխանիկական միջոցառումների վերաբերյալ: Արդյունքում ձևավորվել է վնասատուների դեմ ինտեգրված պայքարը՝ ՎԴԻՊ, որով թունանյութերից բացի բազմաթիվ լրացուցիչ միջոցներ են կիրառվում, այդ թվում՝ մեխանիկական, ֆիզիկական, գենետիկ, կենսաբանական: Թեև ՎԴԻՊ-ը ավելի արդյունավետ է, սակայն հետ-կոմունիստական ճգնաժամի և հետագա շուկայական տնտեսության զարգացման ընթացքում Հայաստանում հնարավոր չէր առանց պետական աջակցության ընդլայնել ինտեգրված պայքարը վնասատուների դեմ: ՎԴԻՊ մասին հանրության իրազեկման մակարդակը ցածր էր, որի պատճառով պահանջարկը սահմանափակ էր և ներդրումներին չեր նպաստում:

ՎԴԻՊ վերաբերյալ տեղեկատվության տարածումը այսօր ևս հրատապ է, ուստի հարկ է ջանքեր գործադրել վնասատուների դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցների կիրառման նպատակով: Պետական կառույցները պետք է ստեղծեն այնպիսի պայմաններ, որոնց միջոցով լայնամասշտաբ, արդյունավետ գյուղատնտեսական խորհրդատվությունը կհասնի ցանկացած գյուղացու՝ ինչպես թունանյութերի անվտանգ օգտագործման վերաբերյալ, այնպես էլ՝ ՎԴԻՊ կարևոր տարրերը յուրացնելու, կիրառումն ընդլայնելու համար:

Հայաստանում օգտագործվող թունանյութերն ունեն պետական գրանցում և համաձայնեցված են ՀՀ գյուղատնտեսության, առղջապահության և բնապահպանության նախարարությունների կողմից: Օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը նորմատիվ փաստաթուղթ է: Անվտանգության պահանջները սահմանված են <Թունանյութերի (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի> ՍՆ N 2.2.5-004-05 անիտարական նորմերով ու կանոննրով: Թունանյութերի արդյունավետ և անվտանգ օգտագործման պետական վերահսկողությունը պետք է իրականացվի գյուղատնտեսության, առողջապահության և բնապահպանության նախարարությունների կողմից՝ յուրաքնաչյուրն իր իրավասությունների շրջանակներին համապատասխան:

Ամեն դեպքում գյուղացիները պետք է կարողանան գնահատել իրենց դաշտերի, այգիների ֆիտո-սանիտարական պայմանները և հիմնավորել թունանյութերի օգտագործման անհրաժեշտությունը, կազմել և վարել վնասատուների դեմ պայքարի ժամանակացույց: Թունանյութերից առաջացող ռիսկերի կարգավորման և անվտանգ օգտագործման պահանջներին հետևելու համար կարևոր է մանրամասն տեղեկատվություն ունենալ թունանյութերի ֆիզիկական վիճակի մասին (փոշի, հեղուկ, հատիկ, …), պատրաստման և օգտագործման տեխնիկական միջոցների, թունանյութերի մնացորդները, փաթեթավորման նյութերը պահելու և տեղափոխելու մասին: Այս ամենի վերաբերյալ պետք է նախօրոք մանրամասն գրառումներ կատարել, ինչը կօգնի բացահայտել խոցելի հանգույցները և հնարավոր վտանգները, ինչպես նաև՝ գնահատել միջոցառումների ազդեցությունը:

Սրբուհի Հարությունյան
Էկո-փորձաքննության խորհրդատու
2015 թ. հուլիսի 14.

Սկզբնաղբյուրներ

1. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն – ՀՀ-ում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների Տեղեկատու
2. Հ.Լ.Թերլեմեզյան – Թունանյութերի տեղափոխման, պահպանության և օգտագործման հանձնարարականներ – <Ագրոինփուտ> DAL/ASME ծրագրի աջակցությամբ, 2002 թ.