6,311 view

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողի հերթական այցելությունը Ֆիոլետովո համայնք

27.07.2015
Հուլիսի 14-ին Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը հերթական այցելությունը կատարեց Ֆիոլետովո համայնք՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ռուսազգի մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համանքի բնակիչներին աջակցելու նպատակով:Հիշեցնենք, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է համայնքի տարածքում բաց եղանակով շահագործել հանքավայր, հանքից 1,3 կմ հեռավորության վրա 5 տարի շարունակ կուտակել մինչև 3 մլն խմ ծավալի լցակույտեր՝ տարեկան արդյունահանելով 37 հազար տոննա հանքաքար: Այդ պատճառով վերջին մի քանի ամիսներին խաթարվել է մոլոկանների անդորրը:

Ֆիոլետովոյի բնակիչները ճարահատյալ սույն թվականի հունվարին դիմել էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ հանքի շահագործման կասեցման գործում աջակցելու խնդրանքով: Վերջիններս հանդիպում էին ունեցել Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որից հետո հանքի կառուցումը կասեցվել էր:

Ըստ համապատասխան գերատեսչությունների պատասխանների, Ֆիոլետովոյում նախատեսվող հանքի շահագործումը մոլոկանների բազմաթիվ պահանջով փաստացի կասեցվել է, սակայն ժամանակ առ ժամանակ հանքի կառուցման հարցը վերըստին քննարկվում է: Հավելենք, որ, ըստ ականատեսների, հանքի համար նախատեսվող «տարածք» պարբերաբար գալիս են մարդիկ՝ մեքենաներով, չափումներ կատարում , նմուշներ վերցնում: Ինչը խիստ զարմացնում և զայրացնում է տեղաբնակներին, քանի որ իրենք արդեն իսկ ներկայացրել են իրենց դիրքորոշումը, որ չեն պատրաստվում հանձնել իրենց պապական բերրի հողերը, թույլ չեն տա աղտոտել հարազատ գյուղի ջուրը, օդը, հողը, չեն պատրաստվում հեռանալ իրենց տներից, շարունակելու են աշխատել՝ ստեղծելով բարիք մեր երկրի ժողովուրդի համար:

Հանդիպման ժամանակ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը վերստին ծանոթացրեց բնակիչներին իրենց իրավունքներին, Օրհուսի կոնվենցիայի դրույթներին և կոչ արեց շարունակել առավել ակտիվ ու հետևողական աշխատանքը՝ կարևորելով նրանց ներգրավումը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում և իրենց ձայնը լսելի դարձնելու համար վերջնական որոշում կայացնելու առումով:

Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Մանյա Մելիքջանյան
Հեռ. (+374) 93 315108,
Էլ-փոստ` manya_lore@yahoo.com