2,939 view

«Գայլերը անտառի սանիտարներ, թե անասնապահության թշնամիներ» թեմայով սեմինար-քննարկում դպրոցականների համար

12.06.2015
Հունիսի 12-ին ՀՀ Շիրակի մարզային գրադարանի ընթերցասրահում անցկացվեց «Գայլերը անտառի սանիտարներ, թե անասնապահության թշնամիներ» թեմայով սեմինար-քննարկում դպրոցականների համար:
Հանդիպման նպատակն էր դպրոցականներին իրազեկել Հայաստանում գայլերի հարձակումների հետ կապված հիմնախնդրի ակունքների և ներկա իրավիճակի մասին, ցույց տալ ՀՀ ԲՆ-ի նախաձեռնած կանխարգելիչ միջոցառումների անարդյունավետությունն ու էկոհամակարգային մոտեցման կիրառման անհրաժեշտությունը:

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին գայլերի տեսակները և ենթատեսակները, աշխարհագրական տարածվածությունը, սնման, բազմացման և ոհմակային հարաբերությունների առանձնահատկությունները, բնական միջավայրում նրանց դերն ու նշանակությունը, ոչխարների հոտերի վրա նրանց հարձակումների թվի աճման պատճառները, կանխարգելման ձևերն ու դրա արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Հատկապես մանրամասն և հիմնավորումներով ներկայացվեց ներկայումս ՀՀ ԲՆ-ի կողմից տարվող պայքարի միջոցառումների աննպատակահարմարության և անարդյունավետության մասին:

Ներկայացման ընթացքում և հետո դպրոցականների կողմից առաջադրվեցին բազմաթիվ հարցեր և հնչեցին տեսակետներ, որոնց տրվեցին համապատասխան պատասխաններ և մեկնաբանություններ:

Հանդիպման ավարտին դպրոցականները դիտեցին «Գայլի արահետով» գիտահանրամատչելի ֆիլմը:
Օրհուս կենտրոնը գրադարանին նվիրեց տարբեր կազմակերպությունների կողմից հրատարակված բնապահպանական թեմաներով մեկ տասնյակից ավելի գրքեր և բրոշյուրներ:

Հանդիպման վերաբերյալ նյութ է տեղադրվել նաև Շիրակի մարզային գրադարանի ֆեյսբուքյան էջում. https://www.facebook.com/media/set/?set=a.1680054298890155.1073741946.1401409536754634&type=3 :

Գևորգ Պետրոսյան
Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 71 45 33
Էլ. փոստ. gyumricenter@gmail.com