445 view

Նոր մարզադաշտ Եղվարդում

26.06.2015
Հունիսի 26-ին Եղվարդի 3-րդ հիմնական դպրոցի բակը մարդաշատ էր: Տեղի էր ունենում Եղվարդի 3-րդ հիմնական դպրոցի կողմից, Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Բացօթյա մարզահրապարակի բարեկարգում» ծրագրի ամփոփումը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է բացօթյա մարզահրապարակ՝ թափոններից պատրաստված ցանկապատով, բնապահպանական հետաքրքիր լուծումներ պարունակող անհրաժեշտ իրերով, ծաղիկներով։

Ծրագրի իրականացմանն աջակցել է Եղվարդի Օրհուսը կենտրոնը՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, նյութեր, մասնակցելով աշխատանքներին, սովերեցնելով, թե ինչպես կարելի է թափոններից հետաքրքիր և գեղեցիկ իրեր ստանալ, տրամադրել ծաղկի սերմեր, սածիլներ և այլն:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության տնօրենը, կազմակերպության Կոտայքի մարզային կենտրոնի համակարգողը, Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգողները, այլ համագործակից կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Կոտայք» մարզային թերթի լրագրողը, դպրոցի ուսուցիչներն ու աշխատակիցները:

Միջոցառումը առիթ հանդիսացավ հին համագործակցային հարաբերությունների վերականգնման համար: Օրհուս կենտրոնի համակարգողները «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկեցին նախորդ տարվա ընթացքում Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված համագործակցությամբ իրականացրած հաջողված միջոցառումը՝ նշելով, որ միշտ բաց և պատրաստ են համագործակցության համար: Որոշվեց մոտակա ժամանակում հանդիպում ունենալ Կոտայքի մարզային կենտրոնում՝ հետագա համագործակցության վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Ռուզաննա Մանյան
Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. ` (+374) 94 331055, 224 22933