1,226 view
ՀՀ տարածքում ջրահոսքերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման խնդիրները
ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի 2015թ.-ի հունիսի 29-ի սեմինարի նյութերի ամփոփում
06.07.2015
2015թ. հունիսի 29-ին ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նիստերի դահլիճում, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Աջակցել կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը բնապահպանական հարցերի լուծման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր սեմինար «ՀՀ տարածքում ջրահոսքերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման խնդիրները» թեմայով: Նպատակն էր քննարկել ՓՀԷԿ-երի կառուցման նպատակահարմարության և շահագործման

հետևանքով առաջացող բնապահպանական, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ խնդիրներ: Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ Երևանի գրասենյակի Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանը, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Համլետ Բատիկյանը, բնապահպանական ՀԿ-ների (ՀԲՃ, Էկոլոգիական ակադեմիա, Էկոդաշինք), Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչներ, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀԲՃ նախաձեռնության անդամներ և ուրիշներ:

Սեմինարը բացեց ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսեսյանը՝ նշելով հանդիպման նպատակն ու քննարկվող թեման, վերջինիս արդիականությունը և կենտրոնի կողմից հարցի ուշադրության կենտրոնում վերցնելու հանգամանքները:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի փորձագետ, երկրաբ. գ.թ. Սարգիս Քելյանը տեսապատկերների միջոցով մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տարածքում ջրահոսքերի վրա կառուցվող կամ արդեն իսկ կառուցված ՓՀԷԿ-երի նպատակահարմարության հարցերը, դրանց գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական, սոցիալական և տնտեսական խնդիրները, որոնք վեր են հանվել կենտրոնում ընթացիկ ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Այդ աշխատանքները շարունակվելու են մինչև տարեվերջ և արդյունքում կունենանք հստակ պատկեր նշված խնդիրների շուրջ, ինչպես նաև կկարողանանք ձևավորել կոնկրետ առաջարկություններ՝ ոլորտում առկա խնդիրների շտկման նպատակներով:

ՀՀ-ն հարուստ է ջրային ռեսուրսներով և միևնույն ժամանակ ունի բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ: Կարևորագույն խնդիրներից մեկը մակերևութային ջրերի վրա կառուցվող ՀԷԿ-երի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասներն են: Տևական ժամանակ է արդեն, որ տարբեր ձևաչափերով բարձրացվում է ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման ընթացքում առաջացող էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առկայության ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին, ոլորտը ձեռք է բերել բարձր ռիսկայնություն և հասարակության դժգոհությունը գնալով մեծանում է: ՓՀԷԿ-երի մեծ մասը գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում էկոլոգիական թողքերը, դրանց շինարարությունն էական վնաս է հասցնում շրջակա միջավայրին, խախտվում է էկոլոգիական հավասարակշությունը, ինչը հանգեցնում է մի շարք այլ խնդիրների ձևավորմանը: Բանախոսն անդրադարձավ նաև ջրօգտագործման հարկերի բացակայությանը, շահագործում նախագծային լուրջ շեղումներին, հատուկ պահպանվող տարածքներում ՀէԿ-երի կառուցման վտանգավոր երևույթներին և այլ հարցերի:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նաև ոլորտի խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկություններ, որոնք վերաբերում էին ՓՀԷԿ-երի հզորության սահմանված նորմերի վերանայմանը, էկոլոգիական թողքի կարգավորմանը, ՀԷԿ-երի լիցենզավորմանը, շինարարության և շահագործման ընթացքում մշտադիտարկումների իրականացման ավտոմատացմանը, ինչպես նաև ոլորտի գործունեության թափանցիկությանը, հատուկ պահպանվող ու լեռնաերկրաբանական տեսանկյունից վտանգավոր տարածքներում դրանց կառուցման արգելմանը և այլն:

Սեմինարին հաջորդեց ակտիվ քննարկում, հնչեցին բազմաթիվ հարցադրումներ մասնակիցների կողմից, ավարտին քննարկվող թեմայի շուրջ ելույթ ունեցավ նաև ՀԲՃ-ի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը՝ հավելելով ոլորտում առկա խնդիրների շարքը և ներկայացնելով փաստացի նյութեր լուսանկարներով, որոնք մասնակիցներին հնարավորություն տվեցին էլ ավելի խորը ծանոթանալու ձևավորված իրավիճակի հետ:

Կլոր սեղանը լուսաբանվել է ԵՊՀ Հասարակության հետ կապերի և լրատվության վարչության կողմից (URL// http://ysu.am/news/hy/Hydropower-plants-in-focus):

Ծրագիրն իրականացվում է ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ:

ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոն