3,544 view
ՀԲ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի գործունեության մասին իրազեկման միջոցառում Կապանում
02.07.2015
2015թ. հունիսի 30-ին Կապանի Օրհուս կենտրոնում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ծրագրերի մասին տեղեկատվություն ներկայացվեց շահագրգիռ հանրությանը:
Համաշխարհային բանկի ԱՃԹՆ մասին ներկայացրեց բանկի խորհրդատու Նարինե Թադևոսյանը: Նա ներկայացրեց միջազգային այս կառույցի գործունեության աշխարհագրությունը, ոչ միայն նշելով այն երկրները, որտեղ բանկն արդեն գործունեություն է ծավալում, այլ նաև

անդամակցության հայտ ներկայացրած երկրները: Նրա խոսքով անդամ լինելու համար սահմանված է 18 ամիս և այն երկրները, որոնք չեն պահպանում այս կառույցի պահանջները, հեռացվում են կառույցից, հեռացման ցուցակում է հայտնվել նաև Ադրբեջանը:

Այս կառույցը վերահսկում է արդյունահանող ճյուղերի թափանցիկությունը, կատարում է աուդիկ արդյունահանման ծավալների ու շահույթների գծով և ներկայացնում հաշվետվություն: Կառույց մտնելու համար պետությունը վճարներ չի կատարում, դրանք կամավոր կերպով վճարում եմ դրա մեջ մտնող ձեռնարկությունները: Այսօր Հայաստանից պատրաստակամություն են հայտնել երեք ձեռնարկություն, այդ թվում Սյունիքի մարզից «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ –ն: Սակայն, ցավոք, Հայաստանը դեռևս պատրաստ չէ մտնելու այս կառույցի մեջ:

Նարինե Թադևոսյանն անդրադարձավ նաև ԱՃԹՆ-ի իրականացման օգուտներին, ԱՃԹՆ ստանդարտի իրականացմանը, անդամագրմանն ու ԱՃԹՆ Թեկնածու երկիր դառնալու քայլերին, ԱՃԹՆ իրականացնող երկրներին ներկայացվող պահանջներին, ներդրման գործընթացին տրամադրվող օժանդակությանը:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ներկայացրեց տեղեկատվություն կենտրոնի առաքելության և ծրագրերի վերաբերյալ:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի Հանքարդյունաբերական համայնքների մոնիտորինգի և հասարակայնության հետ կապերի համակարգող Լենա Նազարյանը ներկայացրեց, թե ինչ մոնիտորինգներ են իրենք կատարում՝ միաժամանակ նշելով ԵԱՀԿ-ի մեծ ներդրումը անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման գործում: Նշեց, որ Կապանի և Քաջարանի համայնքների պատրաստակամության դեպքում իրենք կարող են կատարել ջրի, հողի և մարդու օրգանիզմում ծանր մետաղների առկայության վերաբերյալ հետազոտություն: Նմանատիպ մոնիտորինգ արվել է Ալավերդի քաղաքում, որի արդյունքները Ալավերդու Օրհուս կենտրոնի աջակցությամբ ներկայացվել են հանրությանը:

Միջոցառմանը մասնակցում էին Կապանի քաղաքապետարանի, Լեռնաձորի, Սյունիքի գյուղական համայնքների և ՀԿ 11 ներկայացուցիչներ: Սյունիք գյուղի համայնքապետը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Սյունիք համայնքում նման հետազոտություն անցկացնելու համար:

Տրվեցին հարցեր նշված թեմաների վերաբերյալ: Կապանի համայնքապետարանի ներկայացուցիչ Արմինե Սահակյանը նշեց, որ քաղաքապետարանը ցանկանում է իր ուժերով մոնիտորինգ իրականացնել, սակայն օրենքը թույլ չի տալիս: Մասնակիցներից իրավաբավ Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ կառավարությունը սահմանել է սարքերի ցուցակ, որոնցով միայն կարելի է մոնիտորինգ իրականացնել, ինչը վերահսկվում է կառավարության կողմից:

ԱշոտԱվագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru