2,867 view
Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց ՏԻՄ աշխատակիցների համար
25.06.2015
2015թ. հունիսի 15-ից 25-ը Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ ՀՀ Սյունիքի մարզի համայնքային աշխատողների հերթական վերապատրաստման 9-օրյա դասընթաց, որը պարբերաբար կազմակեպվում է՝ համաձայն Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի: Հերթական վերապատրաստումը իրականացվեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության աջակցությամբ, «Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» ՀԿ-ի միջոցով, ՀՀ Սյունիքի մարզպետարանի լիցենզավորված մասնագետների կողմից: Մասնակցեցին Կապանի
քաղաքապետարանի 14, Քաջարանի քաղաքապետարանի 10 և գյուղական 16 համայնքներից մեկական աշխատակից:

Կապանի Օրհուս կենտրոնը ոչ միայն տրամադրեց տարածք ու դասընթացի անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներ, այլև կենտրոնի համակարգողն անցկացրեց Սյունիքի մարզի համայնքային աշխատողների հերթական վերապատրաստման 9-օրյա դասընթացի վերջին հանդիպումը: Կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, հիմնվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և Օրհուսի կոնվենցիայի վրա, ներկայացրեց պարզաբանումներ տվեց հետևյալ հարցերի շուրջ՝

1. Ինչ է տեղեկատվությունը,
2. Տեղեկատվության ստանալու և տրամադրելու եղանակները,
3. Տեղեկատվության տրամադրման հիմքերը,
4. Համայնքային տեղեկատվական համակարգի շահագործում և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,
5. Օրհուսի կոնվենցիա:

Որոշ մասնակիցներ, մասնավորապես Կապան ու Քաջարան համայնքների ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթ էին Օրհուսի կոնվենցիային, քանի որ նախկինում մաանակցել էին Օրհուս կենտրոնի կողմից կազմակերպված իրազեկման միջոցառումների, մյուսների համար ներկայացվող թեման նորույթ էր:

Մասնակիցներն առավել ակտիվություն ցուցաբերեցին Օրհուսի կոնվենցիայի հասարակության մասնակցության հիմնադրույթի, օրենքների անկատարության հարցերի շուրջ: Բարձրացված հարցերի մեծ մասը վերաբերում էին հանքարդյունաբերությանը, կոյուղատարերի վիճակին, սանիտարական աղբահանության կազմակերպմանը և այլն:

Կային նաև հետաքրքիր առօրյա հարցեր, օրինակ, արդյոք գյուղացին իրավունք ունի իր հողատարածությունում գտնվող հսկա ընկուզենիները կտրելու և վաճառելու փայտը գնորդին: Հարցի վերաբերյալ տրվեց պարզաբանում, այն է. «Գյուղացին ունենալով սեփականություն (տարածք, շինություններ, ծառեր և այլն), իրավունք ունի տնօրինելու իր սեփականությունը, տվյալ դեպքում ընկուզենի ծառը: Օրենքը չի արգելում կտրել կամ վաճառել այն, եթե այդ ծառը գրանցված չէ Կարմիր գրքում, կամ այլ պատմամշակութային արժեք չի ներկայացնում: Սակայն սեփականատերը նման գործարքից առաջ տվյալ ծառի վերաբերյալ պետք է ունենա տեղեկանք գյուղապետից, առք ու վաճառքի պայմանագիր կամ համաձայնագիր գնորդի հետ, գնորդի տվյալները, որից հետո միայն գործարքը կարող է իրականացվել»:

ԱշոտԱվագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru