2,914 view
ԶԼՄ-ների դերը բնապահպանական տեղեկատվության տարածման և որոշումների կայացմանը հանրության մասնակցութանը խթանման գործում: Կապան
29.06.2015
Հունիսի 26-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ սեմինար երիտասարդ լրագրողների համար: Կենտրոնի համակարգողը միջոցառման մասնակիցներին՝ «ՍՈՍԻ» և «ԽՈՒՍՏՈՒՓ» հեռուստաընկերությունների, տեղական թերթերի լրագրողներին, «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի, Կապանի քաղաքապետարանի ու Սյունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի ներկայացուցիչներին ներկայացրեց Օրհուսի կոնվենցիան:
Տեղեկացրեց, որ հենց կոնվենցիան է հիմք հանդիսացել Օրհուս կենտրոնում հանրային քննարկումների կազմակերպման համար և հանրության ակտիվ

մասնակցության շնորհիվ Կապանի նոր աղբավայրի փակման որոշում է կայացվել, հանրության դերը որոշիչ է եղել քաղաքի կենտրոնում մանկական զբոսայգու հարակից կանաչ տարածքում 27 ավտոտնակների կառուցումը կանխարգելելու և «Շահումյան»-ի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով մշակումը կանխարգելելու որոշումների կայացման ժամանակ, հանրության ակտիվ մասնակցությամբ, ԶԼՄ-ներով տեղեկատվության ակտիվ տարածմամբ հնարավոր է եղել հավաքել 13 հազարից ավելի ստոորագրություն ուրանի հանքավայրի հետախուզական աշխատանքների դադարեցման համար:

Մասնակիցներից Լիլիթ Գևորգյանի այն հարցին, թե ինչպես է, որ հասարակական լսումներում համայնքը դեմ է լինում ներկայացված նախագծին, սակայն շարունակվում են լեռնահետախուզական աշխատանքները, կամ հանքերի շահագործումը: Համակարգողը պատասխանեց, որ նմանատիպ երևույթները պայմանավորված են Հայաստանի օրենսդրության անկատարությամբ և պատասխանատու մարմինների թողտվությամբ: Նշեց քաղաքացիական հասարակության համառ պայքարի, իրենց իրավունքներին տեր կանգնելու հաստատակամության արդյունքում «Թռչկանի», «Մաշտոցի այգու» հաղթանակները, լրագրողների դերն այդ հաղթանակներում:

Ներկայացվեց նաև լրագրողների համար կազմված շնորհանդեսը կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցերի լուսաբանման վերաբերյալ, բնապահպանական տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, տեղեկատվությունը տեղադրելուց առաջ անպայման ճշգրտելու կարևորությունը և այլ հարցեր: Մասնակիցներին տրամադրվեց «Հանքերի փակում» գիրքը, Սահմանադրության մեկնաբանություններ, «Օրհուսի կոնվենցիայի իրականացումը Հայաստանում» տեղեկատվական թերթիկը:

Մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը տրամադրված տեղեկատվության համար, իսկ «ՍՈՍԻ» հեռուստաընկերության եթերում նույն օրը լուսաբանվեց միջոցառումը:

ԱշոտԱվագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.` (+374) 93 79 59 21
Էլ-փոստ. info_kapan@aarhus.am , kapan.aarhus@mail.ru