3,052 view
«Էկո-ակցիաներ» ծրագրի շրջանակում ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները հենք կդառնան Գավառի տարածաշրջանի խնդիրների արդյունավետ լուծման համար
22.06.2015
Գավառի Օրհուս կենտրոնը համատեղ Գավառ քաղաքում Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի իրականացնում էր «Էկո-ակցիաներ» ծրագիրը, որը նպատակ ուներ նպաստել Գավառի տարածաշրջանի բնակիչների, հատկապես 16 և բարձր տարիքի երիտասարդների շրջանում շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ մասնակցային վերաբերմունքի ձևավորմանը:
Ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլերից, որոնք ներառում էին տարաբնույթ ակցիաներ:
Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել էր, որը ներառում էր եռօրյա սեմինարներ 2 դպրոցում, որոնց ընթացքում քննարկվել էին ինչպես համամոլորկային

էկոլոգիական խնդիրներն, այնպես էլ մեր տարածաշրջանի էկոլոգիական մարտահրավերները: Իրականացվել էր տարածքի մաքրման ակցիա Գավառի հրապարակին հարակից Քոչարյանցի արձանի տարածքում և տնկվել 30 տուա (կենսածառ), անվադողերից ծաղկամաններ էին պատրաստվել՝ որպես աղբի այլընտրանքային օգտագործման ձև և տրամադրվել դպրոցներին, որոնք էր իրենց հերթին դպրոցների բակերը զարդարել էին այդ ծաղկամաններով:

Այսօր ավարտվեց արդեն ծրագրի երկրորդ փուլը, որի ընթացքում սեմինարի մասնակիցները կազմակերպել և անցկացրել են մրցույթներ «Ամենամաքուր թաղ», «Ամենամաքուր բակ», «Ամենամաքուր շենք» խորագրերով՝ ցուցանակներ փակցնելով համապատասխան վայրերում, տեղադրելով նստարաններ և աղբամաններ նախապես ծառատունկ իրականացված վայրում, աղբամաններ և դրանց առկայության մասին հուշող ցուցանակներ տեղադրելով Գավառի գերեզմանատանը, կազմակերպվելով բնապահպանական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ՝ ծրագրի մասնակիցների մոտ այս ընթացքում ստացած գիտելիքներն ավելի խորացնելու և ուշադրությունը առկա բնապահպանական խնդիրներին սևեռելու նպատակով:

Ծրագրի կամավորները նաև նկարահանել են 3 կարճ հոլովակ կենցաղային աղբով Գավառագետի աղտոտման, աղբի մի քանի տեսակների քայքայման ժամկետների և ծառերի խնդիրների թեմաներով:

Ծրագրի ավարտին մասնակիցները ցանկություն հայտնեցին Գավառի Օրհուս կենտրոնում անցկացնել մարզի բնապահպանական խնդիրները թեմայով ֆիլմադիտում – քննարկում, որի ընթացքում տեղի ունեցավ նաև իրենց կողմից նկարահանած հոլովակների պրեմիերան:

Ֆիլմադիտումից հետո մասնակիցներն եկան այն համոզման, որ Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր բնապահպանական խնդիրները հատվում եմ Սևանա լճի հիմնախնդրին, և որ հին խնդիրներին ավելացվել են նորերը: Միջոցառումն ուղեկցվեց բուռն քննարկումներով, այն մասին, թե 2010թ.-ին նկարահանված ֆիլմից 5 տարի տարի անց ինչ առաջընթաց կա, ինչ խնդիրներ են լուծվել, ինչ խնդիրներ էլ դեռ լուծելու կարիք ունեն, ովքեր են պատասխանատու և ովքեր պետք է պահանջատեր լինեն:

Հանդիպման ավարտին կազմակերպիչներն ու մասնակիցները հավաստիացրին, որ ծրագրի իրականացման այս կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հիմնավոր գիտելիքներ, հմտություններ, ակտիվ և պատասխանատու քաղաքացի լինելու կարողություններ, դարձել լավ ընկերներ ու զինվել հույսով ու համբերությամբ, որոնք էական դեր կարող են խաղալ այս սերնդի առջև ծառացած բազում մարտահրավերների լուծման ուղիների մատնանշման գործում:

Լիաննա Ասոյան
Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 77 76 46 41
Էլ. փոստ՝ blejanli@gmail.com, info_gavar@aarhus.am