3,039 view

Արդարադատության մատչելիության հարցերի քննարկում Օրհուսի կոնվենցիայի շրջանակում

19.06.2015
Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն ՀԿ նախաձեռնությամբ հունիսի 18-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար-քննարկում: Նպատակը՝ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում արդարադատության մատչելիության հարցերի քննարկումն էր:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերով Պատասխանատու Օլիվեր Մակքոյը, ով ի դեպ Հայաստանում իր առեքելության վերջին աշխատանքային օրերն է անցկացնում: Նա նշեց, որ Օրհուսի կոնվենցիայի լիարժեք իրականացումը մնում է առաջնային ԵԱՀԿ

անդամ 57 երկրների համար, քանի որ Օրհուսի կոնվենցիայի սկզբունքները հենք են մնացած բոլոր ստանձնած պարտավորությունների համար: Նրա խոսքով կանվենցիան տալիս է այն իրավական համակարգը, որը ժողովրդավարության կոնտեքստում տալիս է հանրության ու կառավարության միջև համագործակցության ձևը: Եվ քանզի բոլոր ուղղություններով, բոլոր կողմերը, այդ թվում նաև դոնոր կազմակերպությունները դերակատարում ունեն աջակցելու կոնվենցիայի իրականացմանը: <<Մեր գործն է կյանք տալ հելսինկյան ակտերին, ինչը հնարավոր է միայն իրավական գործիքներով: Ուստի մեր համոզմունքն է, որ կարևորը ընթացակարգային իրավունքն է: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան, որովհետև տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունն ու արդարադատության հասանելիությունը բխում են պարզ ընթացակարգային իրավունքից, որի անհրաժեշտությունը հստակ նշված է Օրհուսի կոնվենցիայի յուրաքանչյուր կետով>>: Պարոն Մակքոյը կարևորեց նաև Օրհուս կենտրոնների ցանցին ԵԱՀԿ աջակցությունը՝ որպես յուրահատուկ դերակատարներ համայնքային մակարդակում ոչ միայն տեղեկատվության տրամադրման, այլև՝ հանրության մասնակցությանն աջակցելու հարցում: <<Սակայն եթե չլինի արդարադատության արդյունավետ համակարգը չի կարող արդյունավետ լինել այս աշխատանքը>>,- հավելեց նա:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն, անդրադառնալով բնապահպանական հարցերով իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության հակազդման գործնական հիմնախնդիրներին և դրանց լուծման եղանակներին, նախ կարևորեց վարչական մարմինների առջև հարցերի ճիշտ բարձրացմանը վարչական դատարան դիմելու գործընթացին: Օրինակ վարչական մարմնին հարցում անելիս, կամ դիմելիս, պետք է ճիշտ հղում անել համապատասխան օրենսդրական կետերին, որպեսզի վարչական մարմնի համար հասկանալի լինի, թե որոնք են լինելու հարցում անողի հետագա քայլերը: Նա նշեց, որ կա Սահմանադրական դատարանի 3 որոշում, որոնք վերաբերում են վարչական մարմնի գրագրությամբ զբաղվելուն, ըստ այդմ, եթե վարչական մարմինն ըստ էության չի պատասխանում հարցմանը, ապա դա կարող է դիտարկվել որպես վարչական ակտ ու վիճարկվել դատարանում: Բանախոսի խոսքով, հաճախ հասարակական կազմակերպությունները վարչական մարմնից խնդրում են այն տեղեկատվությունը, որը նա պարտավոր էր հրապարակել բոլորի համար: Այս առումով թերևս քաղաքացիական հասարակության կառույցները լրացուցիչ իրազեկման կամ վերապատրաստման կարիք ունեն:

Բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանը մատնանշեց, որ վարչական մարմինը գաղտնիության պատրվակով բազմիցս մերժել է տրամադրել այս կամ այն տեղեկատվությունը, օրինակ ջրօգտագործման թույլտվությունների պատճենները կամ հանքարդյունաբերողների կողմից արդեն մշակված հանքաքարի քանակի մասին տեղեկատվությունը: Պրոֆեսոր Դանիելյանը պատասխանեց, որ վարչական ակտերը չեն կարող համարվել գաղտնիք, ինչ վերաբերում է մշակված հանքաքարի քանակի, ապա դա կարող է դիտարկվել որպես առևտրային գաղտնիք, բայց անգամ այն առևտրային գաղտնիքները, որոնք հանրային նշանակություն ունեն, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով ենթակա են հրապարակման: Ինչ վերաբերում է վարչական դատարանի կողմից դատական հայցի մերժմանը՝ վարչական ակտ չհանդիսանալու հանգամանքով, ապա իրավագետների խորհրդով, նման դեպքում կարելի է վիճարկել գործողությունը, ներգործությունը կամ վարչական մարմնի անգործությունը:

Բնապահպանական իրավունքների դատական պաշտպանության համատեքստում խմբային հայցերի ներդրման հեռանկարին անդրադարձան Անահիտ Մանասյանն ու Էդգար Շաթիրյանը: Նրանց ներկայացմամբ խմբային հայցերը Եվրոպական դատական համակարգում ավելի փոքր կիրառություն ունեն, քան անգլոսաքսոնական դատական համակարգում: Այնուհանդերձ նախադեպը և փորձը կա: Խմբային հայցերը հնարավորություն են տալիս ընդհանուր հայցի միջոցով պաշտպանել խմբի անդամների օրինական շահերն ու իրավունքները: Պարոն Շաթիրյանի խոսքով, Ավստրալիայում, օրինակ, չափորոշիչ է խմբի անդամների նվազագույն թիվը, ըստ որում ընդդեմ մեկ պատասխանողի հայցադիմումը կարող է ներկայացվել 7 անձ ներառող խմբի կողմից: Ինչպես նաև նման դեպքերում պահանջները պետք է բխեն միևնույն կամ միմյանց հետ կապված հարցերից: Մեր իրականության համար այս հարցերը գուցե խորթ են, բայց բանախոսների կարծիքով դա ժամանակի հարց է ու վաղ թե ուշ պետք է օրենսդրական կարգավորում ստանան նաև մեր երկրում:

Այս չափազանց հետաքրքիր ու օգտակար սեմինար-քննարկմանը մասնակցեցին ԵՊՀ դասախոսներ, անկախ փորձագետներ, ԵՊՀ Կայուն զարգացման կենտրոնի, ՔՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների, Երևանի, Ստեփանավանի և Եղվարդի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու