2,759 view

Բուռն հանրային քննարկում Մելիքգյուղում

19.06.2015
2015թ. հունիսի 16 -ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի համայնքապետարանի
«նիստերի դահլիճը» մարդաշատ էր: Այստեղ էր գյուղապետարանն իր ամբողջ աշխատակազմով, ավագանու մեկ անդամ, ներկա էին գյուղի բնակիչներ, « Մեգո-Գոլդ» ընկերության աշխատակիցներ, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգողը:
«Մեգո-Գոլդ» ՍՊԸ նախաձեռնությամբ համայնքին էր ներկայացվում Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և չոր պոչանքների պահեստարանի նախնական գնահատման վերաբերյալ հայտը:

Հանքարդյունահանող ընկերության ներկայացուցիչը նախատեսվող գործունեությունը ներկայացնելիս նշեց, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ հանքավայրի շահագործման համար ժամանակին ստացել է թույլտվություն, շահագործել է, կառուցել հարստացուցիչ ֆաբրիկա, պոչամբարներ: Քանի որ, ըստ ընկերության ներկայացուցչի, այսօր ֆաբրիկայի հզորությունն և տեխնոլոգիական վիճակը տնտեսական առումներով չեն համապատասխանում իրենց սպասումներին, ընկերությունը որոշել է վերակառուցել ու վերազինել գործարանը, արդիականացնել ոսկու կորզման եղանակները, մեծացնել ֆաբրիկայի արտադրողականությունը՝ հասցնելով մինչև 306 000 տ/տարի, հրաժարվել թաց պոչամբարներից և նախկին պոչամբարների պատնեշներն ամրացնելուց ու նոր պատնեշներ կառուցելուց հետո, անցնել դրանց մեջ չոր պոչանքների պահեստավորման նոր եղանակի:

Նշենք, որ նախագծի ներկայացման առաջին մասն անցավ խաղաղ մթնոլորտում, ինչը չի կարելի ասել քննարկման մասին: Քննարկումը բուռն սկսվեց, գյուղացիները հարցերի տարափ ուղղեցին ընկերության ներկայացուցիչներին` պոչամբարի և հանքավայրի գտնվելու վայրի, հանքավայրի բաց և փակ եղանակով շահագործման, ֆաբրիկայի և ջարդիչի (дробилка) հզորության (ժամում ինչքան հանքաքար է վերամշակվելու), շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա բացասական ազդեցության, նախկին քննարկումների ժամանակ նախատեսվող գործունեության մասին իրենց կողմից ներկայացված առաջարկությունները, դիտողություններն ու կարծիքը հաշվի չառնելու և շատ այլ հարցերի վերաբերյալ:

Քննարկման մասնակիցներից շատերը վրդովված էին, որովհետև ընկերության ներկայացուցչները տրված հարցերին կիսատ պատասխաններ էին տալիս, շատ հարցեր էլ ուղղակի անպատասխան թողնում: Զայրույթն ավելի մեծացավ, երբ բնակիչներից մեկը, նաև Օրհուս կենտրոնի համակարգողը, հարցրեցին, թե արդյո՞ք շինարարությունը, որն արդեն մեկ ամիս է ընթանում է հանքի տարածքում, օրինական է, և կա, արդյո՞ք, համայնքապետի թույլտվությունն այդ գործունեության վերաբերյալ, ինչո՞ւ դրա մասին ավագանին տեղյակ չէ : Ընկերության ներկայացուցիչը հորդորեց չխոսել այդ թեմայի վերաբերյալ, որովհետև հարցը բոլորովին կապ չունի այսօրվա քննարկվող հարցի` հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման նախնական գնահատման հայտի հետ և խորհուրդ տվեց այդ հարցով գրավոր դիմել «Մեգո-Գոլդ» ընկերությանը կամ էլ բնապահպանության նախարարություն:

Քննարկման ընթացքում համայնքի որոշ բնակիչներ կրկին իրենց մտահոգությունը հայտնեցին «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության և հանքի շահագործման արդյունքում գյուղին հասցված վնասների, հանքավայրը շահագործողների ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու (կենտրոնական տեղամաս) հանքավայրի շահագործման փոփոխված աշխատանքային նախագծի ՇՄԱԳ փորձաքննության արդյունքում 2014 թ. դեկտեմբերի 11-ին տրվել է թիվ ԲՓ 93 ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆԸ: Հավելենք նաև, որ «Մեգո Գոլդ» ընկերության իրավունքներն, ըստ պետական լիազոր մարմինների հետ ունեցած պայմանագրի և հանքարդյունահանման իրավական փաստաթղթերի փաթեթի, սպառված են 2015թ.-ի հունվարից և պետք է համարվեին դադարեցված:

Նատալյա Մանուկյան
Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ.՝ (+374) 94 224926
Էլ-փոստ՝ aarhusaparan@mail.ru , info_aparan@aarhus.am