3,048 view
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգողը մասնացեց «Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառմանը

17.06.2015

stepanavan_17_06ՀՀ Ազգային ժողովում հունիսի 11-ին տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության օր: Նպատակն էր նպաստել պատգամավորների, ԱԺ հանձնաժողովների և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ և փոխշահավետ երկխոսությանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ՀՀ ԱԺ 7 հանձնաժողովներին ներկայացնել իրենց ոլորտների հիմնախնդիրները:

«Քաղաքացիական հասարակության օր ՀՀ Ազգային ժողովում» միջոցառման ընթացքում հանրության ներկայացուցիչները բարձրացրին մի շարք կարևոր հարցեր՝ կապված ՀՀ կառավարության կողմից կայացված հակաօրենսդրական որոշումների հետ: Մասնավորապես ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 781-Ն որոշման մասին հարց ուղղվեց Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին: Հանձնաժողովի անդամները պատասխանեցին, որ տեղյակ չեն այդ որոշումից:
Stepanavan_17-06_2.1

Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպմանը Ստեփանավանի Օրհուս կենրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանն արաջարկեց համապատասխան օրենքում փոփոխություն մտցնել՝ ՇՄԱԳ փորձաքննությունը հանրային լսումների վաղ փուլում իրականացնելու վերաբերյալ: Նա նաև հարց ուղղեց ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ կապված Ստեփանավան քաղաքին բնավճարներից մասնահանում չտրամադրելու վերաբերյալ, այն դեպքում, երբ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը 10 տարի շարունակ վնասում է Ստեփանավանին` աղտոտելով հողը, օդը, Ձորագետը: Բարձրացված հարցի շուրջ տեղի ունեցան բուռն քննարկումներ և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ավետիսյանը, որպես Տաշիրի ներկայացուցիչ, արաջարկեց իր օգնությունը այդ կարևոր խնդրի լուծման առնչությամբ:

Մեծ Այրումի «Նահատակ» պոչամբարի խնդրի մանրամասները և համայնքի բնակիչների մտահոգությունները ներկայացրեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ առաջարկելով, որ Մեծ Այրում համայնքը և նմանատիպ համայնքները, որոնց վարչական տարածքներում տեղակայված են արդյունաբերական պոչամբարներ, ճանաչվեն որպես ազդակիր համայնքներ ու բնապահպանական և առողջապահական խնդիրները մեղմացնելու համար ստանան պետական սուբվենցիաներ: ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ համայնքային մակարդակում կայացվող որոշումները պետք է արտահայտեն համայնքի բնակիչների դիրքորոշումը և խորհուրդ տվեց համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով հետևողական լինել իրենց պահանջներին, հարկ եղած դեպքում ընդհուպ անվստահություն հայտնել տեղական իշխանություններին: Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ Մեծ Այրում համայնքի բնակիչների կողմից ստացված բաց նամակում շարադրված պահանջները և առաջարկությունները քննարկվել են հանձնաժողովում, և առաջիկա նիստերից մեկի օրակարգ կմտնի պոչամբար ունեցող համայնքներին բնապահպանական և առողջապահական փոխհատուցման առաջարկությունը:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հեռ. (+374) 93 315108
Էլ. փոստ manya_lore@yahoo.com