2,583 view
Հայաստանի Օրհուս կենտրոնների հերթական աշխատանքային հանդիպումը Երևանում
16.06.2015
Հունիսի 11-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Օրհուս կենտրոնների աշխատակիցների ընթացիկ տարվա երկրորդ աշխատանքային հանդիպումը՝ «Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը լուծել բնապահպանական խնդիրները՝ ամրապնդելով պետական մարմինների և ՔՀԿ-ների Օրհուսի կոնվենցիայի իրականացման կարողությունները» ծրագրի շրջանակներում:
Հանդիպման սկզբում հետաքրքիր դասախոսություն կարդաց «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ

Դանիելյանը: Նա համառոտ տեղեկատվություն ներկայացրեց վերջերս Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում տեղի ունեցած դատաիրավական համակարգի հարցերով միջազգային հանդիպմանն իր մասնակցության մասին: Կարևորեց վարչական մարմինների կողմից ֆիզիկական անձանց պաշտպանության խնդիրները: Նշեց, որ, օրինակ, Վրաստանում, Ղազախստանում ու Ղրղզստանում մեկ պատուհանի սկզբունքը իրապես գործում է և քաղաքացիները փաստաթղթային հարցերի դեպքում ավելորդ քաշքշուկների մեջ չեն ընկնում: «Մենք մեծ սխալ թույլ տված կլինենք, եթե հապաղեք այս ուղղությամբ բարեփոխումների գործում»,- նշեց Գևորգ Դանիելյանը:

Պրոֆեսոր Դանիելյանը տեղեկացրեց նաև Տեղեկատվության ազատության, Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգը հաստատելու մասին ՀՀ օրենքներով իրազեկ լինելու և մասնակցելու քաղաքացիներին տրված առավել լայն հնարավորությունների մասին, որոնք պրակտիկայում չեն կիրառվում:

Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգողի ընտրության ու կենտրոնների գործունեությանը վերաբերող այլ հարցեր քննարկվեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Տնտեսական և բնապահպանական հարցերով պատասխանատու Օլիվեր Մակքոյի ու Շրջակա միջավայրի հարցերով ազգային ծրագրերի պատասխանատու Գոհար Ղազինյանի հետ: Տեղեկանալով, որ կենտրոններից 8-ում փորձագետների խորհրդի նիստ այս տարի դեռ չի հրավիրվել, միաժամանակ կարևորելով տեղական մակարդակում ՏԻՄ, մարզային կառույցների ու հասարակական թևը ներկայացնող փորձագետների ներգրավվածությունը Օրհուս կենտրոնի կառավարման գործում, Օլիվեր Մակքոյը նշեց, որ այս առումով կառավարման ձևի վերանայման անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգողի ընտրությանը, ապա նա տեղեկացրեց, որ հարցը ներկայացված է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարին:

Անդրադառնալով ԵԱՀԿ դեսպանին ուղղված «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» (ՇՄԻՊԿ) ՀԿ նամակին` կապված իրենց կողմից իրականացվող ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը Օրհուս կենտրոնների կայքում չտեղադրելու հարցի հետ, Օլիվեր Մակքոյը նշեց, որ այդ հարցը դեսպանի մակարդակին չպիտի բարձրացվեր և կարելի էր լուծել հենց ՀԿ-ի ու Հայաստանի Օրհուս կենտրոնների միջև հարաբերությունների շրջանակում: Հանդիպման մասնակիցներից առաջարկ եղավ դոնորի գնահատումից հետո ՇՄԻՊԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունքների մասին տեղեկատվություն տեղադրել www.aarhus.am կայքում:

Հայաստանի Օրհուս կենտրոնների գործընկեր ԱՌՆԱՊ հիմնադրամի ղեկավար Մովսես Պողոսյանը, կարևորելով երկու կառույցների միջև համագործակցությունը, նպատակների համընկնումն ու աղետների ռիսկի նվազեցման գործում տեղական մակարդակում գործելու լայն հնարավորությունները, նշեց, որ անհապաղ պետք է մեկնարկել համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման գործողությունները՝ որպես երկու կողմերի միջև ստորագրված համագործակցության հուշագրի գործնական փաստաթուղթ: Անդրադարձավ նաև Վիեննայում Օրհուս կենտրոնների տարեկան հանդիպմանը, առանձնակի նշեց Հայաստանի պատվիրակության հաջող ներկայացվածությունը:

Հանդիպման վերջում Վիեննա այցի մասին մանրամասներ հաղորդեցին Անուշ Բեյբությանը, Անահիտ Մնացականյանն ու Մարի Չաքրյանը, Սիլվա Այվազյանն էլ տեղեկություններ հաղորդեց «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնության ՀՎ Կովկասի տարածաշրջանային հանդիպման մասին:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ. aarhusnews@gmail.com