2,919 view
Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարում
16.06.2015
Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Ապարանի, Եղվարդի, Իջևանի, Գավառի, Կապանի և Երևանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները մասնակցեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում կազմակերպված «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարում և FEAT-ի ինտեգրում» թեմայով դասընթացի:
Դասընթացի նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել մի քանի ամիս առաջ Վրաստանում տեղի ունեցած համանուն տարածաշրջանային դասընթացը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները հետաքրքրություն էին ցուցաբերել այն նաև ազգային մակարդակում անցկացնելու վերաբերյալ:

Իրականացավ Մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակի (OCHA), ՄԱԿ-ի զարգացման և բնապահպանական ծրագրերի, ՏԿԱԻ նախարարության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ու ԱՌՆԱՊ հիմնադրամի անմիջական աջակցությամբ:

Դասընթացի մասնակիցները ծանոթացան բնապահպանական արտակարգ իրավիճակների արձագանքման մեթոդներին ու մեխանիզմներին, տեխնածին վտանգներին ու սպառնալիքներին, բնապահպանական արագ գնահատման գործիքի (FEAT) կիրառությանը: Այս գործիքն օգտագործվում է հիմնականում տեխնածին աղետների դեպքում: Այն հնարավորություն է տալիս արագ գնահատել իրավիճակը՝ աղետի մասշտաբը, վտանգավոր նյութերի տարածման հնարավոր ուղիները, դրանց վտանգավորության աստիճանը և արագ կողմորոշվել, թե ինչ է պետք անել մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Դասընթացի մասնակիցները նաև գործնականում, տարբեր սցենարների համար, կիրառեցին գնահատման այս գործիքը՝ առավել ամրապնդելով ստացած գիտելիքները:

Քանի որ դասընթացին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ ԱԻՏԿ նախարարությունից, ԱՌՆԱՊ հիմնադրամից, Համայստանում Ամերիկյան համալսարանից, Ճգնաժամային կառավարման ակադեմիայից և Օքսֆամ հայաստանյան գրասենյակից, այն հիանալի առիթ էր նաև այս ոլորտում համատեղ գործողությունների ուրվագծման ու համագործակցային կապերի ամրապնդման համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու
Էլ-փոստ. aarhusnews@gmail.com