2,993 view
Թբիլիսիում տեղի ունեցավ «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնության Հարավային Կովկասի տարածաշրջանային հանդիպումը
13.06.2015
«Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնությունը, գործընկերություն է ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի և որպես ասոցիացված գործընկեր` ՆԱՏՕ-ի միջև: Միտված է դիմակայելու շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին` Արևելյան Եվրոպայի, Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում:

Հունիսի 8-9-ը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նախաձեռնության Հարավային Կովկասի տարածաշրջանային հանդիպումը, որը նպատակ ուներ անդրադառնալ Հարավային Կովկասի` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանում գոյություն ունեցող ընդհանուր ռիսկերին, դրանց նվազեցմանը միտված հնարավոր լուծման ուղիներին և քննարկել հետագա պլանները:

Մասնակցում էին ներկայացուցիչներ ԵԱՀԿ գլխամասային և տարածաշրջանային գրասենյակներից, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, ինչպես նաև տարածաշրջանի երեք երկրների Արտաքին գործերի, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների, Գյուղատնտեսության նախարարություններից, ՀԿ-ներից և Օրհուս կենտրոններից: Հայաստանի Օրհուս կենտրոններից հանդիպմանը մասնակցեց Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը:

Քննարկվեցին տարածաշրջանի ջրային ռեսուրսների, վտանգավոր թափոնների, այդ թվում` ժամկետանց թունաքիմիկատների կառավարման խնդիրները, աղետների և կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունները, շրջակա միջավայրի հարցերի շուրջ տեղեկատվության մատչելիության և որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության հարցերը, ինչպես նաև քննարկվեցին «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնության 2015-2020 թթ. ծրագրային առաջնահերթությունները:

ԵԱՀԿ քարտուղարության կողմից կարևորվեց Հարավային Կովկասի տարածաշրջանում ակտիվ գործող 17 Օրհուս կենտրոնների դերը բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու գործում` որպես երկխոսության հարթակներ վերոնշյալ խնդիրների քննարկման և լուծման գործընթացներում, որպես հասարակության իրազեկման և ներգրավման արդյունավետ գործիքներ:

Մինչև 2020թ., որպես ծրագրային առաջնահերթություններ, առաջարկվեց աջակցել քննարկվող հարցերի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների կարգավորմանը, վիճակագրական տվյալների հավաքագրմանը, վտանգավոր թափոնավայրերի քարտեզագրմանը, աղետների ռիսկերի` հրդեհների դեմ պայքարի, վաղ ազդարարման համակարգերի ստեղծմանը և այլն, իսկ շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերի առնչությամբ առաջնահերթություն համարվեց հանրության համար առավել մատչելի դարձնել բնապահպանական տեղեկատվությունը, ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի և անվտանգության հարցերի շուրջ` երկրներում և տարածաշրջանում, աջակցել ՀԿ-ների շահերի պաշտպանությանը, շարունակել աջակցությունը Օրհուս կենտրոններին և Քաղաքացիական գործողությունները հանուն անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) փոքր դրամաշնորհային ծրագրերին:

Բոլոր երեք երկրների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին վերոնշյալ խնդիրների լուծման և փոխհամագործակցության հարցերում:

Սիլվա Այվազյան
Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող
Էլ. փոստ` info@aarhus.am